Բարեվարքության ստուգումը կնպաստի պետական մարմինների նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը․ Ռուստամ Բադասյան
15:54 - 14 փետրվարի, 2020

Բարեվարքության ստուգումը կնպաստի պետական մարմինների նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը․ Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր մասնակցել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության ռազմավարական պլանավորում» թեմայով քննարկմանը: Վերջինին մասնակցել են նաև Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը, Հանձնաժողովի անդամներ, պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Նախարարը շնորհակալություն է հայտնել Հանձնաժողովին՝ միջոցառմանը հրավիրելու համար և կարևորել Հակակոռուպցիոն ռազմավարությամբ  նախատեսված ինստիտուցիոնալ մարմինների ձևավորումը, որոնք իրենց հետագա գործունեությամբ կոռուպցիայի դեմ պայքարը որակական նոր մակարդակի կհասցնեն:

Նախարարի խոսքով՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում չհաջողելը հիմնականում պայմանավորված է եղել նաև բավարար մասնագիտական պատրաստվածություն և  միջազգային գործող մեխանիզմների մասին բավարար գիտելիքներ չունենալով, և թերագնահատվել է կոռուպցիայի կանխարգելման գործառույթի իրականացումը՝ մշտապես կարևորելով հանցագործությունների քննությունը: «Այս թյուրընկալումը վերացնելու առաքելությունն այսօր ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և կարծում եմ՝ իրենց գործունեությամբ կհիմնավորեն հակառակը»,- նշել է Ռուստամ Բադասյանը:

Նախարարը կրթական և իրազեկման միջոցառումներին զուգահեռ՝ Հանձնաժողովի գործառույթներից կարևորել է հայտարարագրերի վերլուծությունն ու բարեվարքության ստուգումը և ընդգծել, որ այն հաջողությամբ իրականացնելու դեպքում հանրության վստահությունը կբարձրանա ոչ միայն Հանձնաժողովի, այլև բարեվարքության ստուգումն անցած աշխատակիցներով գործող մարմինների նկատմամբ:

Այդ առումով նախարար Բադասյանը վերահաստատել է Արդարադատության նախարարության պատրաստակամությունը՝ ամենօրյա ռեժիմով աջակցելու Հանձնաժողովի արդյունավետ գործունեության ապահովմանը:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել