Բավականին ահազանգեր ունենք, որ առեւտրի ոլորտի կազմակերպություններն օգտվում են իրավիճակից եւ ՀԴՄ չեն տրամադրում․ Մաշադյան
 |armtimes.com|
09:19 - 28 ապրիլի, 2020

Բավականին ահազանգեր ունենք, որ առեւտրի ոլորտի կազմակերպություններն օգտվում են իրավիճակից եւ ՀԴՄ չեն տրամադրում․ Մաշադյան |armtimes.com|

armtimes.com: Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառումներից 2-ը իրականացնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։ Խոսքը 5-րդ եւ 10-րդ միջոցառումների մասին է։ 5-րդ միջոցառումը 2020 թվականի հունվարի 1-ից մինչ ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում 2-ից 50 աշխատակից ունեցած ընկերություններին է վերաբերում, որոնց աշխատավարձային ֆոնդը նույն ժամանակահատվածում չի նվազել։ Իսկ 10-րդ միջոցառումը վերաբերում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող տնտեսվարողներին։

Այս ամենի մասին տեղեկացրել է ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյան

- Պարոն Մաշադյան, ՊԵԿ-ի կողմից իրականացվող՝ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 2 միջոցառումներն ի՞նչ փուլում են։

- Այս ընթացքում 5-րդ միջոցառման շահառու է հանդիսացել 14 հազար 872 կազմակերպություն։ ՊԵԿ-ն այդ բոլոր կազմակերպություններին ծանուցումներ է ուղարկել, որ իրենք հանդիսանում են շահառու։ Նրանցից 10 հազար 134-ն արդեն դիմում են ներկայացրել փոխհատուցում ստանալու հայտով, եւ ՊԵԿ-ը արդեն վճարման հանձնագրեր է կազմել, որի չափը կազմում է 1 մլրդ 623 մլն դրամ։

10-րդ միջոցառման համար, որը վերաբերում է միկրոձեռներեցներին օժանդակություն տրամադրելուն, ստացել ենք 1500 հայտ եւ վճարման հանձնագրերն ամբողջությամբ կազմվել է` շուրջ 83 մլն դրամ։ Դիմումների քանակը դեռ կավելանա, քանի որ մեր գնահատմամբ՝ շահառու են հանդիսանալու մոտավորապես 7500 միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ։ Ընդհանուր միջոցառման գնահատականը մոտ 280 մլն դրամ է։ Բայց նշեմ, որ այս միջոցառման գումարների տրամադրումը սկսել ենք իրականացնել երեկվանից, որովհետեւ դա անմիջականորեն կապված էր 8-րդ միջոցառման հետ։ Ցանկերը հստակեցնելուց եւ դիմումները ստանալուց հետո սկսել ենք գործընթացը։

- Կառավարության միջոցառումներից մեկը վերաբերում է չգրանցված աշխատողներին, ձեր կարծիքով՝ մե՞ծ է այս պահին չգրանցված աշխատողների քանակը։

- Ես կդժվարանամ չգրանցված աշխատողների թվաքանակի վերաբերյալ ՀՀ մակարդակով գնահատական տալ։ Այո, այդ խնդիրը մենք ունեցել ենք, եւ ՊԵԿ-ի ամենօրյա գործառույթներից մեկը հանդիսանում է պայքարն այդ ուղղությամբ։ Ցանկացած դիմումի դեպքում մենք իրականացնելու ենք հսկողական աշխատանքներ, տալու ենք գնահատական, եթե անհրաժեշտ եղավ՝ նաեւ տուգանքի արձանագրում կիրականացնենք։ Դրանք գործատու-վարձու աշխատող հարաբերություններ են։ Այստեղ բացառապես գործատուները չեն մեղավոր։ Նրանք իրար հետ են ձեռք բերում պայմանավորվածություն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ հայտարարել էրոր ապրիլի 20-ից հետո տեսանելի կլինիթե քանի աշխատող է հարկադիր պարապուրդի համար վճարվել։ Ի՞նչ տվյալներ ունեք այս առումով։

- Եկամուտներ ապահոված աշխատատեղերի քանակի վերաբերյալ տեղեկատվություն հետեւյալն է. մարտ ամսին վարձատրվել է 619 հազար 858 աշխատակից, իսկ փետրվարին 616 հազար 209 աշխատակից։ Այսինքն մոտավորապես 3600-ով ավելացել են վարձատրված աշխատողները մարտին՝ փետրվարի համեմատ։ Բայց սա այդքան էլ լավ չէ, քանի որ 2019-ի մարտին՝ փետրվարի համեմատ եկամուտ ստացող աշխատողների քանակի ավելացումը կազմել է շուրջ 10 հազար 500։ Այսինքն դինամիկան որոշակի նվազել է, ինչը օբյեկտիվ է եւ հասկանալի՝ կապված այսօրվա իրավիճակի հետ։

- Այս օրերին ՊԵԿ-ն ինչպե՞ս է իր գործառույթներն իրականացնում։

- Այս օրերին ՊԵԿ-ն իր բնականոն աշխատանքները շարունակել է։ Ավելի շատ ուշադրություն ենք դարձրել մեր վերլուծական աշխատանքներին, քանի որ կան գործունեության տեսակներ, որոնք փաստացի չեն գործում։ Հսկողական գործառույթների առումով ավելի թիրախավորված են այն ոլորտները, որոնց մոտ կա աշխուժություն, օրինակ՝ առեւտրի ոլորտը։

- Արտակարգ դրության շրջանում ինչպե՞ս են իրենց դրսեւորում գործարարները։ ՀԴՄ կտրոններ չտրամադրելու դեպքերը շա՞տ են։

- Այդպիսի դեպքեր մենք միշտ ենք ունենում։ Իհարկե, մենք բավականին ահազանգեր ունենք, որ հատկապես առեւտրի ոլորտի կազմակերպություններն օգտվում են այս իրավիճակից ու հաճախ են լինում դեպքեր, երբ գործարքների համար ՀԴՄ կտրոն չեն տրամադրում։ Ցանկացած ահազանգի մենք արձագանքում ենք։ Բացի ահազանգերը՝ մենք ինքներս պարբերաբար արտաքին դիտարկումներ ենք իրականացնում։ Եթե մեր կիզակետում հայտնվում են այնպիսի կազմակերպություններ կամ առեւտրի օբյեկտներ, որոնք չեն տրամադրում ՀԴՄ կտրոն, մենք միանշանակ նախաձեռնում ենք հսկողական աշխատանքներ։ Նաեւ կառավարության մակարդակով հորդորել ենք, որպեսզի հարկ վճարողները չօգտվեն այս իրավիճակից եւ չթաքցնեն իրենց եկամուտները։

- ՊԵԿ-ը որքանո՞վ է կարողանալու 2020-ի բյուջեով ամրագրված հավաքագրումներն իրականացնել։

- Կարծում եմ, որ բյուջեի կատարումը միայն ՊԵԿ-ի լիազորությունը չէ եւ միայն ՊԵԿ-ը չէ, որ պատասխանատու է բյուջեի կատարման համար։ ՊԵԿ-ի հիմնական գործառույթը հավասարակշռված, օբյեկտիվ եւ ճիշտ վարչարարության իրականացնելն է հարկ վճարողների նկատմամբ, որպեսզի նրանք իրենք իրենց հարկերը վճարեն։ Ինչեւիցե. 1-ին եռամսյակում մենք ունեցել ենք մոտավորապես 9 մլրդ դրամի գերակատարում՝ բյուջեով նախատեսված ցուցանիշի նկատմամբ։ Դա շատ լավ սկիզբ էր տարվա համար։ Ցավոք պետք է նշեմ, որ ապրիլ ամսին հնարավոր չի լինի այդ տեմպը պահպանել։

Վստահաբար ասում եմ, որ ունենալու ենք բյուջեի թերակատարում, որովհետեւ այս իրավիճակում ապահովել հարկային եկամուտներն այն ծավալով, որը նախատեսվել էր դեռեւս անցած տարի եւ ամրագրվել էր բյուջեի մասին օրենքով՝ հնարավոր չէ։

Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել