Բանակցային գործընթացում Արցախի ներկայացուցիչների մասնակցությունն անհրաժեշտ է. Արարատ Միրզոյան
14:59 - 13 մարտի, 2019

Բանակցային գործընթացում Արցախի ներկայացուցիչների մասնակցությունն անհրաժեշտ է. Արարատ Միրզոյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 13-ին ընդունել է Սլովակիայի Հանրապետության արտաքին եւ եվրոպական գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ ԵԱՀԿ-ն Միրոսլավ Լայչակի գլխավորությամբ կշարունակի միջազգային անվտանգությանը, օրենքի գերակայությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերը՝ հայտնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատրաստակամությունն աջակցելու այս օրակարգին: Օրենսդիր մարմնի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ու ԵԱՀԿ ԽՎ առաքելություններին 2018 թ. դեկտեմբերին մեր երկրում կայացած խորհրդարանական ընտրություններում դիտորդության իրականացման եւ տրված անաչառ գնահատականների համար՝ մեջբերելով ԵԱՀԿ դիտորդական կարճաժամկետ առաքելության հատուկ համակարգող եւ ղեկավար, սլովակ պատգամավոր Պիտեր Օսուսկինի հնչեցրած գնահատականն ընտրությունների վերաբերյալ, ով դրանք մասնավորապես որակել էր որպես «հայկական հրաշք»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության` որպես միջազգայնորեն ընդունված միակ ձեւաչափի ջանքերը հիմնախնդրի կարգավորման գործում: Խորհրդարանի ղեկավարն առանձնահատուկ ընդգծել է բանակցային գործընթացում Արցախի ներկայացուցիչների մասնակցության անհրաժեշտությունը:

Միրոսլավ Լայչակը նշել է, որ որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ ստանձնում է հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ջանքեր գործադրելու հանձնառությունը՝ հավելելով, որ պետք է աշխատանք տանել նաեւ փոխվստահության մթնոլորտի ամրապնդման ուղղությամբ, ակտիվացնել շփումները հասարակության տարբեր շերտերի միջեւ: Այս համատեքստում նա կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ որպես հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին նպաստող գործոն:

Ազգային ժողովի նախագահը նշել է՝ խնդրի կարգավորումը երկկողմանի գործընթաց է եւ խաղաղության հաստատման հարցում կարեւոր է երկրների իշխանությունների ու ժողովուրդների կամքը: Նրա խոսքով` Հայաստանը խաղաղությանը միտված իր ջանքերին ի պատասխան համանման մոտեցում ակնկալում է նաեւ ադրբեջանական կողմից: Որպես Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի ղեկավար՝ Արարատ Միրզոյանն իր դրական վերաբերմունքն է արտահայտել խորհրդարանական դիվանագիտության հարթակը՝ հակամարտությունների խաղաղ կարգավորման համատեքստում առավել արդյունավետ օգտագործելու վերաբերյալ:

Ազգային ժողովի նախագահի կարծիքով՝ պետք է շարունակաբար ավելացնել եւ՛ Մինսկի խմբի համանախագահների, եւ՛ փորձագետների այցերն Արցախ՝ տեղում խնդիրներին ծանոթանալու նպատակով:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ընտրական բարեփոխումների գործընթացին, միջազգային խորհրդարանական հարթակներում օրենսդիրների հաճախակի շփումներին ու փորձի փոխանակմանը:

Անդրադառնալով հայ-սլովակական երկկողմ հարաբերություններին՝ կողմերն ընդգծել են դրանց խորացման մեծ ներուժը, ինչին մեծապես կնպաստի նաեւ Հայաստանում Սլովակիայի դեսպանության սպասվող հիմնումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել