Բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների կամ դժբախտ պատահարի հետևանքով տուժածներին ևս պետք է փոխհատուցում տրվի. պատգամավոր |aysor.am|
10:01 - 16 հուլիսի, 2019

Բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների կամ դժբախտ պատահարի հետևանքով տուժածներին ևս պետք է փոխհատուցում տրվի. պատգամավոր |aysor.am|

aysor.am։ Դեռ վաղ է ասել՝ ինչ դիրքորոշում կցուցաբերի խորհրդարանը մեր նախաձեռնությանը։ Սեպտեմբերից նախագծերը քննարկման կգան Ազգային ժողով, ինչից հետո էլ ամեն ինչ ավելի հստակ կլինի, -ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով իրենց կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությանը, որով նախատեսվում է ծառայության ընթացքում երրորդ կարգի հաշմանդամություն ստացած սպային տրամադրել 35 մլն, ենթասպային՝ 25, իսկ շարքայինին՝ 15 մլն դրամ հատուցում։

«Խոսքը գնում է հատուցման հիմնադրամից միջոցների տրամադրման մասին, որովհետև հենց այդ նույն հատուցման հիմնադրամի մասին օրենքով առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները հատուցվում են համեմատելի գումարներով։ Հիմա առաջարկվում է երրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած անձանց նույնպես որոշակի հատուցում տրամադրել», - նշեց Գևորգ Գորգիսյանը։

Նա միաժամանակ տեղեկացրեց, որ իրենց խմբակցությունը շրջանառության մեջ է դրել մեկ այլ նախաձեռնություն ևս։

«Գործող օրենքով՝ 2017 թվականից ի վեր՝ միայն մարտական գործողությունների ժամանակ վիրավորված, հաշմանդամություն ստացած կամ զոհված զինծառայողների ընտանքիներին է փոխհատուցում տրվում։ Մենք հիմա նաև շրջանառության մեջ ենք դրել մի նախագիծ, որի համաձայն, եթե զինվորի մեղքով չէ, մնացած բոլոր դեպքերում փոխհատուցում տրամադրվի։ Եթե զինծառայությունը պարտադիր է, և այնտեղ ոչ կանոնադրական հարաբերությունների կամ դժբախտ պատահարի հետևանքով քաղաքացուն ինչ-որ բան է պատահում, չպետք է խտրականություն դրվի։

Չպետք է տարանջատվի՝ դա հակառակորդի գնդակից է եղել, թե դժբախտ պատահարի հետևանքով։ Ամեն դեպքում, զինծառայողին վնաս է պատճառվել զինվորական ծառայության ընթացքում, և մենք առաջարկում ենք, որ դրա համար փոխհատուցում տրամադրվի», - ասաց ԱԺ պատգամավորը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել