Բաժնետիրական ընկերությունների ժողովները հեռավար անցկացնել. ԱԺ պատգամավորների առաջարկը |hetq.am|
16:01 - 28 մարտի, 2020

Բաժնետիրական ընկերությունների ժողովները հեռավար անցկացնել. ԱԺ պատգամավորների առաջարկը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Վարազդատ Կարապետյանը և Արտակ Մանուկյանն առաջարկում են բաժնետիրական ընկերությունների ժողովները ևս հեռավար եղանակով իրականացնել:

Պատգամավորները փոփոխություն են առաջարկում Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքում:

«Ժողովի որոշումները կարող են ընդունվել առանց ֆիզիկական ժողով անցկացնելու (առանց օրակարգի հարցերի քննարկման և քվեարկության դրված հարցերի վերաբերյալ որոշումների ընդունման նպատակով ընկերության մասնակիցների համատեղ ներկա գտնվելու)` հեռակա կարգով քվեարկության կամ իրական ժամանակում առցանց քվեարկության միջոցով: Հեռակա կարգով քվեարկություն կարող է անցկացվել փաստաթղթերը փոստային, հեռագրային, հեռատիպային, հեռախոսային, էլեկտրոնային կամ փոխանցվող և ընդունվող հաղորդագրությունների իսկությունը և դրանց փաստաթղթային հաստատումն ապահովող կապի այլ միջոցներով փոխանակելու միջոցով: Իրական ժամանակում առցանց քվեարկություն կարող է կազմակերպվել էլեկտրոնային կապի միջոցներով` ներառյալ էլեկտրոնային փոստով, ծրագրային և հավելվածային հարթակներով (ներառյալ բջջային հեռախոսների հավելվածներով)»-նշվում է առաջարկվող հոդվածում:

Ըստ նախագծի` էլեկտրոնային քվեաթերթիկները պետք է տրամադրվեն բաժնետերերին իրական ժամանակում առցանց քվեարկության միջոցով ժողովի անցկացման պահից առնվազն 7 օր առաջ:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով շատ ընկերություներ անցել են հեռավար աշխատանքի, սակայն մի շարք ընկերությունների դեպքում օրենսդրությւոնը նման հնարավորություն չի ընձեռում:

Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքի համաձայն` ֆինանսական տարվա ավարտից հետո ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում ընկերությունները պարտավոր են գումարել տարեկան ընդհանուր ժողով, որտեղ հեռակա քվեարկությունն արգելված է: Ուստի պատգամավորներն այս փոփոխությամբ առաջարկում են հեռակա քվեարկության հնարավորությունը տարածել բաժնետերի բոլոր ժողովների վրա և ներդնել էլեկտրոնային քվեաթերթիկ հասկացությունն, ինչը հնարավորություն կընձեռի հեռակա քվեարկել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել