Բադասյանն առերևույթ խնդիր է տեսնում հանրաքվեի արդյունքների՝ ՍԴ-ում հնարավոր բողոքարկման հարցում |armenpress.am|
13:34 - 25 փետրվարի, 2020

Բադասյանն առերևույթ խնդիր է տեսնում հանրաքվեի արդյունքների՝ ՍԴ-ում հնարավոր բողոքարկման հարցում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն առերևույթ խնդիր է տեսնում այն հարցում, որ ապրիլի 5-ի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի արդյունքները կարող է բողոքարկվել այն Սահմանադրական դատարանում, որի անդամներին պաշտոնավարման առնչությամբ է հանրաքվեն:

Այս մասին Բադասյանն ասաց փետրվարի 25-ին Ազգային ժողովում պետական-իրավական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (Կ-428-20.12.2019-ՊԻ-011/0) և հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում, պատասխանելով խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի հարցին:

Բագրատյանն Արդարադատության նախարարից նախ հետաքրքրվեց, թե որտեղ են բողոքարկվելու Սահմանադրության փոփոխությունների արդյունքները:

«ՍԴ կարող են դիմել ԱԺ խմբակցությունները, եթե եղել են այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել հանրաքվեի արդյունքների վրա։ Սա է միակ հիմքը: Սահմանադրական դատարանի անդամների ինքնաբացարկի կամ մասնակցության անհնարինության հարցն եք բարձրաձայնում, երբ բողոքարկման դիմումը կլինի, դա արդեն ներքին հարց է: Բավական բարդ հարց է, որի պատասխանը միանշանակ չէ»,- ասաց նախարարը։

Պատգամավորի երկրորդ հարցին, թե շահերի բախում չկա՞ արդյոք, որ ՍԴ 7 դատավորի հարցը լսելու են 9 դատավորները, որոնցից 7-ը շահագրգիռ կողմ են այդ հարցում, Բադասյանը նշեց, որ այո, առերևույթ խնդիր տեսնում է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել