news.am: «Իմ քայլը» խմբակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու առաջադրված Գրիգոր Բեքմեզյանը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հին ծանոթներից ու մտերիմներից է։ Այս մասին ասաց Գրիգոր Բեքմեզյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են «Իմ քայլը» խմբակցությունում որոշել հենց իր թեկնածությունն առաջադրել, եւ ով է առաջարկել։

Բեքմազյանը նշեց նաեւ, որ «Իմ քայլի» պատգամավորներ Երջանիկ Հակոբյանը եւ Սուրեն Գրիգորյանը իր ուսանողներն են եղել. «Խմբակցությունից ես ունեցել եմ ուսանողներ՝ Երջանիկը, Սուրենը Գրիգորյան, Վլադիմիր Վարդանյանը իմ հին ծանոթներից է, մոտ ենք ընկերական առումով»։

Բեքմազյանը վստահեցրեց՝ ԲԴԽ դատավորի թեկնածու առաջադրելիս հաշվի է առնվել իր փորձը, նաեւ օբյեկտիվությունը. «Իմ կարծիքով՝ ինձ են առաջադրել, որովհետեւ գտան, որ ես օբյեկտիվ եմ, ազնիվ եմ, քաղաքականությամբ չեմ զբաղվել, քաղաքական պրոցեսներում չեմ եղել, ունեմ փաստաբանի երկարատեւ փորձ, դասախոսում եմ 2003 թվականից»։

Դիտարկմանը, թե իրեն կապում են Հայ ազգային կենգրեսի հետ՝ հաշվի առնելով, որ իր քույրն ամուսնացած է Լեւոն Տեր–Պետրոսյանի քրոջորդու հետ, Բեքմազյանը պատասխանեց. «Ընդհանրապես կապ չունի, իմ փեսան իմ քայլերի հետ առնչություն չունի, իր հետ հանդիպելիս քաղաքականություն չենք քննարկում, միայն բլոտ ենք խաղում»։

Գրիգոր Բեքմեզյանը նաեւ շեշտեց՝ այդ պաշտոնին հավակնելու նպատակով քայլեր չի կատարել. «Ես չեմ ուզում բացառել, որ մեր իշխանությունները կարողանում են գտնել մարդկանց, ովքեր կարող են արժանի լինել այդ պաշտոնին, չնայած նրան, որ երբեք այդ պաշտոնի ուղղությամբ որեւէ քայլ, հավատացեք, չեմ արել»։

Դիտարկմանը, որ ինքը նաեւ Յուրի Խաչատուրովի փաստաբանն էր Ստեփան Գրիգորյանի դեմ քաղաքացիական հայցով, նա նշեց, որ իր վստահորդի հետ կքննարկի եւ եթե ընտրվի այդ պաշտոնում, կխզի պայմանագիրը. «Ես խոսել եմ իմ վստահորդի հետ, կհանդիպենք, կքննարկենք, իհարկե եթե ընտրվեցի, պետք է դադարեցնեմ, միայն Խաչատուրովը չէ, ես այլ վստահորդներ ունեմ, որոնց հետ պայմանագրերը պետք է դադարեցնեմ, քանի որ նոր պաշտոնի բերումով չեմ կարող շարունակել դատարաններում հանդես գալու պրակտիկան»։

Հարցին՝ ինչ դիրքորոշում ունի դատարանների շրջափակման ակցիայի մասով, Բեքմեզյանն ասաց՝ ինքն իր դիրքորոշումն ունի, որը կհայտնի իր ելույթում։