Արփինե Հովհաննիսյանի պնդումը՝ պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրման մեխանիզմների մասին, թերի է
12:07 - 07 մարտի, 2020

Արփինե Հովհաննիսյանի պնդումը՝ պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրման մեխանիզմների մասին, թերի է

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը Facebook սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում գրառմամբ անդրադարձել է Ազգային ժողովում նախօրեին առաջին ընթերցմամբ ընդունված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Արդարադատության նախարարության ներկայացրած նախագծին։

«ԱԺ-ում մի շարք իշխանական պատգամավորների հարցադրումները եւ պոպուլիստական հայտարարությունները ցույց տվեցին` որքան հեռու են նրանք նախագծի վերաբերյալ նույնիսկ տարրական գիտելիքներ տիրապետելուց»,- գրել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այդ հայտարարություններին չի անդրադառնա, այլ մի քանի բովանդակային դիտարկում-առաջարկներ կանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին։

Հովհաննիսյանը, նշելով, որ նախագծի հիմնավորման մեջ շատ է հղում կատարվում ՄԻԵԴ նախադեպային պրակտիկային, գրել է, որ այստեղ էլ պետք է դրսեւորել չափազանց զգույշ մոտեցում` խորամուխ լինելով գործի բոլոր հանգամանքներին

«Օրինակ` Եվրոպական դատարանը որոշ դեպքերում սահմանել է, որ վարույթի շրջանակում մի երկրում չկա օրենքի հետադարձության ուժի խնդիր կամ անմեղության կանխավարկածը չի խախտվում, սակայն դրանք պայմանավորված են եղել քննարկվող պետությունում մի շարք այլ պայմանների միաժամանակյա առկայությամբ: Քննարկենք մի շատ կարեւոր օրինակ. նախագծի հիմնավորման մեջ որպես դրական օրինակ նշվում է «Գոգիթիձեն եւ մյուսները՝ ընդդեմ Վրաստանի գործը»: Այս գործով թեեւ ՄԻԵԴ-ը ճանաչել է, որ վարչական կարգով գույքի բռնագանձումը իրավաչափ է, բայց կատարել է ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ շեշտադրում: Այսպես` դատարանը պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրավաչափ էր Վրաստանում հետադարձ ուժ տալը գույքի բռնագանձման օրենքին, հատուկ ընդգծել էր, որ գույքի բռնագանձման օրենքը պաշտոնատար անձանց հաշվետու վարքագծին վերաբերող առաջին օրենքը չէր, քանի որ դեռ 1997 թվականին Վրաստանում ընդունվել էր օրենք, որը սահմանում էր գույքը պաշտոնատար անձանց գույքը հայտարարագրելու պահանջ, այդ իսկ պատճառով դատարանը եկել է այն եզրակացության, որ 2004 թվականի օրենքը ուղղակի 1997 թվականի օրենքի շարունակական զարգացումն էր»:

Նախկին նախարարը հարց է հնչեցրել՝ ի՞նչ է սա նշանակում մեզ համար «ՀՀ-ում «Հանրային ծառայության մասին օրենքը», այսինքն` հայտարարագրման պահանջ սահմանող օրենքը, ընդունվել է 2011 թվականին։ Այսինքն` մինչ այդ պահը չի եղել գույքի եւ եկամուտների հայտարարագրման հստակ համակարգ մեր երկրում, եւ հստակ չկա այն սանդղակը, որի հետ պետք է համեմատել պաշտոնյայի գույքը եւ եկամուտները»։

Արփինե Հովհաննիսյանը ՄԻԵԴ-ի վերոնշյալ մեկնաբանությունը ներկայացնում է որպես գնահատական, այնինչ ՄԻԵԴ-ն ընդամենն արձանագրում է, որ Վրաստանում 2004-ին գրված օրենքը 1997-ի որոշ իրավական ակտերի շարունակությունն է՝ առանց դրան դրական կամ բացասական գնահատական տալու (B merits 1 84 «Այդ փոփոխություններից յոթ տարի առաջ՝ 1997 թվականին, արդեն գոյություն ուներ համապատասխան օրենք): 

Նախկին նախարարը նաեւ գրել է, թե հայտարարագրերի բացակայության պայմաններում դատախազությունը իրավական ճանապարհով դժվար թե կարողանա պատշաճ կերպով հիմնավորել անհամապատասխանությունը օրինական եկամուտների եւ ձեռք բերված գույքի արժեքի միջեւ, ինչի դեպքում էլ, նրա համոզմամբ, ստեղծվում է իրավիճակ, որ օրենքի գործողությունը տարածվելու է 1991թ-ից սկսած ժամանակահատվածի վրա, բայց փաստացի հնարավոր է լինելու իրացնել 2011թ-ից սկսած ժամանակահատվածի առումով միայն։ Նախկին պաշտոնյան նկատի է ունեցել այն, որ ՀՀ-ում հայտարարագրման պահանջ սահմանող օրենքն, ըստ էության, ներդրվել է 2011 թվականից։

Սակայն ՀՀ-ն եւս, նախքան 2011-ի՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի ընդունումը ունեցել է իրավական կարգավորումներ։ 

Այսպես, 1995 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետը ստորագրել է N 353 որոշումը՝ ՀՀ կառավարության անդամների կողմից տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ներկայացման մասին․ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության եւ նրա անդամների եկամուտների մասին տեղեկատվության հրապարակայնությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները 1996 թվականի փետրվարի 1-ից ոչ ուշ ներկայացնում են իրենց տարեկան եկամուտների մասին հայտարարագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 15-ի «Ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման կարգի եւ հայտարարագրերի ձեւերի հաստատման մասին» N 342 որոշմամբ սահմանված կարգով»,- ասված է որոշման մեջ: 

Սրանից զատ՝ 2001 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին օրենքը, որի նպատակը եղել է հայտարարագրման համակարգի ներդրման միջոցով կոռուպցիայի եւ չարաշահումների դեմ պայքարի գործուն մեխանիզմների ստեղծումը, ինչպես նաեւ հայտարարագիր ներկայացնողների գույքի եւ եկամուտների առաջացման նկատմամբ հասարակության վստահության ապահովումը։

Վերոնշյալ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողներ եւ գույքը ու եկամուտները հայտարարագրող են համարվել Հանրապետության նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը եւ պատգամավորները, ՍԴ նախագահը եւ անդամները, ԿԲ նախագահը եւ խորհրդի անդամները. ՀՀ դատավորները,  գլխավոր դատախազը եւ նրա տեղակալները, դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազները, նախարարները եւ նրանց տեղակալները, նախարարությունների ստորաբաժանումների (այդ թվում` տարածքային) ղեկավարները, մարզպետները, Երեւանի քաղաքապետը եւ նրանց տեղակալները եւ մի շարք այլ պաշտոնատար անձինք։

Նույն օրենքի համաձայն` փոխկապակցված անձինք են համարվել` հայտարարատուի ամուսինը, համատեղ ապրող ծնողը (ծնողները) եւ համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած զավակը (զավակները), հայտարարատուի ամուսնացած չլինելու եւ զավակ չունենալու դեպքում համատեղ ապրող ծնողը (ծնողները) եւ համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած քույրը (քույրերը) եւ եղբայրը (եղբայրները): 

Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պաշտոնյաները հայտարարատու են եղել նաեւ զբաղեցրած պաշտոնից ազատվելուն (պաշտոնավարության ավարտին) հաջորդող 5 տարվա ընթացքում, իսկ նրանց փոխկապակցված անձինք` իրենց փոխկապակցված անձանց զբաղեցրած պաշտոնից ազատվելուն (պաշտոնավարության ավարտին) հաջորդող 2 տարվա ընթացքում:

Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն էլ՝ հայտարարագրման ենթակա է եղել անշարժ գույքը` հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, շենքերը եւ շինությունները, հողին ամրակայված այլ գույքը, այսինքն` այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել` առանց այդ գույքի նշանակությանն անհամաչափ վնաս պատճառելու, փոխադրամիջոցները, դրամական միջոցները, արժեթղթերը, մշակութային արժեքներն ու հնաոճ իրերը։ 

Նույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ հայտարարատուները պարտավոր էին հայտարարագրման ենթակա գույքը եւ եկամուտները հայտարարագրել պաշտոնի նշանակման (կամ ընտրման) դեպքում` սկսած պաշտոնի նշանակման (կամ ընտրման) ամսվան հաջորդող ամսվա 1-ից մինչեւ այդ տարվա դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ընկած ժամանակաշրջանի համար. եւ հայտարարատու համարվելու ընթացքում` յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ընկած ժամանակաշրջանի համար:  

«ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» օրենքը խախտելու համար սահմանվել է նաեւ պատասխանատվություն։ Ըստ այդմ՝ Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հայտարարատուների կողմից սույն օրենքով սահմանված ժամկետում լիազորած մարմին կամ լիազորած տարածքային մարմին հայտարարագիր չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` մինչեւ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Տուգանքը նշանակելուց հետո` երեսուն օրվա ընթացքում, հայտարարագիրը չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով»։ 

3-րդ մասի համաձայն՝ «Հայտարարատուների կողմից սույն օրենքով սահմանված հայտարարագրման ենթակա գույքը եւ եկամուտները կամ ՀՀ կառավարության սահմանած հայտարարագրի ձեւերում պարտադիր լրացման ենթակա տեղեկությունները թաքցնելը կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` մինչեւ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով», «Նույն խախտման կատարումն այն անձի կողմից, որը նշված խախտման համար տուգանվել է մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով»։

Այս օրենքը գործել է մինչեւ 2009 թվականը, հետադարձ ուժ չի ունեցել։ 

2001 թվականի նոյեմբերի 5-ին էլ վարչապետ ԱՄարգարյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքով նխատեսված գույքի եւ եկամուտների հայտարարագրումն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի մասին  N1067 որոշումը։

Ըստ որոշման՝ լիազոր մարմնի իրավասությունը վերապահվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը: 

Այսպիսով, քանի որ ՀՀ-ում եւս մինչեւ 2011-ը գործել է պաշտոնատար անձանց եկամուտների ու գույքի հայտարարագրման համակարգ, ապա սա ենթադրում է, որ գործողությունը հնարավոր է իրացնել առնվազն 2001 թվականից սկսած, ըստ այդմ՝ Արփինե Հովհաննիսյանի պնդումները թերի են։

Ազգային ժողովը նախօրեին երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ կառավարության ներկայացրած նախագիծը։ Ըստ նախագծի՝ եթե կոռուպցիոն որեւէ գործով անցնող որեւէ քաղաքացու մոտ իրավապահները կնկատեն ստացած եկամուտների եւ ունեցած գույքի 25 միլիոն դրամից ավելի տարբերություն, ապա կարող են քաղաքացիական հայցով գույքը բռնագանձելու համար դիմել դատարան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել