Արցախցիների իրավունքները չպետք է սահմանափակված լինեն մեր հանրապետության չճանաչվածության պատճառով. Արտակ Բեգլարյան |armtimes.com|
06:57 - 13 ապրիլի, 2019

Արցախցիների իրավունքները չպետք է սահմանափակված լինեն մեր հանրապետության չճանաչվածության պատճառով. Արտակ Բեգլարյան |armtimes.com|

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, արձագանքելով Արցախի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ԵԽԽՎ-ում, իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ողջունելի է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը ԵԽԽՎ-ում, հատկապես՝ Արցախի ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության ամրապնդման գործում եվրոպական կառույցների դերակատարման մասին հատվածը: Այո, մարդու իրավունքների համընդհանրությունը ենթադրում է, որ արցախցիների իրավունքները չպետք է սահմանափակված լինեն մեր հանրապետության չճանաչվածության պատճառով, և եթե ոչ միջազգային քաղաքական կառույցները, ապա առնվազն իրավապաշտպան կազմակերպությունները պարտավոր են չկաշկանդվել այդ հանգամանքով:

Դրա մասին տարիներ շարունակ բարձրաձայնում ենք մենք, հատկապես՝ ԱՀ և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանները: Մեր բոլոր միջազգային շփումների ժամանակ բարձրացնում ենք այդ հարցը, փնտրում ենք նոր հնարավորություններ, սակայն լուրջ և համակարգային արդյունքներ դեռևս չկան:
Հուսամ՝ ՀՀ իշխանությունները հետևողական կլինեն այդ օրակարգի գործնական առաջմղման հարցում, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա շոշափելի արդյունքներ ունենալու համար:

Ես պատրաստ եմ բոլորի հետ առավելագույնս համագործակցել այս ուղղությամբ, որովհետև քաղաքացիական հասարակության և պետական մարմինների կարողությունների տևական զարգացումը կարևոր նախապայման է մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի շարունակական բարձրացման համար»,-ասված է գրառման մեջ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել