Արցախում մեկ քաղաքացի մեկուսացվել է, կան ինքնամեկուսացվածներ |azatutyun.am|
16:36 - 06 ապրիլի, 2020

Արցախում մեկ քաղաքացի մեկուսացվել է, կան ինքնամեկուսացվածներ |azatutyun.am|

azatutyun.am: Այս պահի թարմացումներով Արցախում կորոնավիրուսի գրանցված դեպք չկա, «Ազատության» հետ զրույցում ասաց Ղարաբաղում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի համակարգող Տիգրան Աբրահամյանը:

Աբրահամյան. - Այս պահի թարմացումներով կորոնավիրուսի դեպք չունենք գրանցված: Ամսի 2-ին տվել էինք, որ ունենք մեկուսացված մեկ քաղաքացի, որը Քաշաթաղի բուժմիավորումում է, սակայն ախտանիշ չլինելու պատճառով իրեն մեկուսացրել ենք, բայց դեռևս թեստավորում չենք իրականացրել:

«Ազատություն». – Ինչո՞ւ անմիջապես չի թեստավորվում:

Աբրահամյան. - Թեստավորումը անհրաժեշտ ախտանիշների ժամանակ է իրականացվում, քանի որ առկա ընթացակարգերով ախտանիշ չլինելու դեպքում թեստավորումը այդ պահին կարող է ոչ ճիշտ արդյունք գրանցել:

«Ազատություն». – Իսկ ինչի՞ց եք եզրակացրել, որ նա հնարավոր է վարակակիր լինի և մեկուսացրել եք, նա վարակակրի հե՞տ է շփվել:

Աբրահամյան. - Իրան մեկուսացրել ենք, որովհետև նա Հայաստանից է մուտք գործել Արցախ, բայց գրանցումով, իհարկե, եղել է Արցախի քաղաքացի, սակայն եկել է բնակավայրից, որտեղ վարակման դեպքեր են եղել, և դրա համար մենք մեկուսացրել ենք:

«Ազատություն». – Ո՞ր բնակավայրն է:

Աբրահամյան. - Արտաշատի շրջանից է եկել:

«Ազատություն». – Այսինքն՝ դուք ունեք միայն մեկ մեկուսացված քաղաքացի, այո՞:

Աբրահամյան. - Այդ մեկ քաղաքացին է այս պահին մեկուսացված, որը գտնվում է բուժհաստատությունում:

«Ազատություն». – Իսկ ինքնամեկուսացվածներ չունե՞ք:

Աբրահամյան. - Ինքնամեկուսացված քաղաքացիներ ունենում ենք: Օրինակ՝ այս պարագայում, երբ որ նա եկել է, նրա հնարավոր կոնտակտային անձանց մեր հորդորով ինքնամեկուսացվում են, մինչև նրա վերջնական թեստավորումը:

«Ազատություն». – Այս պահին քանի՞ ինքնամեկուսացված կա:

Աբրահամյան. - Այս պահին դեռ պատրաստ չեմ թվերը հրապարակելու, ամփոփիչ տվյալները իմ ձեռքի տակ չեն, բայց ինքնամեկուսացված քաղաքացիներ կան, որոնք որևէ ախտանիշ չունեն: Ով ունենում է որևէ ախտանիշ, որը կարող է այս նոր վարակի հետ կապված լինել, մենք անհրաժեշտ թեստավորում անում ենք:

«Ազատություն». – Քանի՞ թեստավորում եք իրականացրել և ո՞ր ժամանակահատվածից սկսած:

Աբրահամյան. - Մոտ չորս տասնյակ թեստավորում է իրականացվել, եթե չեմ սխալվում, դրանք եղել են մարտի երկրորդ կեսից հետո:

«Ազատություն». – Թեստերի քանակը բավարա՞ր է Լեռնային Ղարաբաղում:

Աբրահամյան. - Մենք փորձանմուշները վերցնում ենք, բայց ուղարկում ենք Հայաստանի Հանրապետություն՝ մեր գործընկերներին:

Ավելին՝ azatutyun.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել