Արցախում մեկնարկած ստորագրահավաքի վայրում Ստեփանակերտի քաղաքապետի հրահանգով տեսախցիկ է տեղադրվել. Սամվել Բաբայանի գրասենյակի հայտարարությունը |factor.am|
15:51 - 27 հունիսի, 2019

Արցախում մեկնարկած ստորագրահավաքի վայրում Ստեփանակերտի քաղաքապետի հրահանգով տեսախցիկ է տեղադրվել. Սամվել Բաբայանի գրասենյակի հայտարարությունը |factor.am|

factor.am: Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում փոփոխություն կատարելու նպատակով Արցախում մեկնարկած ստորագրահավաքի վայրում Ստեփանակերտի քաղաքապետի հրահանգով տեսախցիկ է տեղադրվել: Ստորագրահավաքի նախաձեռնող խումբը սա քաղաքացիների սահմանադրական իրավունքի իրացմանը խոչընդոտելուն ուղղված գործողություն է դիտարկում:

Հայտարարությունը ստորև.

«ԱՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում փոփոխություն կատարելու նպատակով Արցախում մեկնարկած ստորագրահավաքի նախաձեռնող խումբը տեղեկացվել է այն մասին, որ ս.թ. հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը Ստեփանակերտ քաղաքում՝ Վազգեն Սարգսյան 25 հասցեում գտնվող շենքի միջանցքում,որը գտնվում է ստորագրահավաքի վայրի հսկողության տակ, Ստեփանակերտի քաղաքապետ Ս. Գրիգորյանի հրահանգով տեղադրվել է տեսախցիկ տեսագրման սարքով: Նախաձեռնող խումբն իր մտահոգությունն է հայտնում և միաժամանակ դիտում է այս ամենը քաղաքացիների սահմանադրական իրավունքի իրացմանը խոչընդոտելուն ուղղված գործողություն:

Տեսախցիկի տեղադրումը սադրիչ գործողություն է և հանգեցնելուէ կոնֆլիկտային իրավիճակի: Հունիսի 4-ից՝ ստորագրահավաքի մեկնարկից սկսած, Ստեփանակերտի քաղաքապետը մերթընդմերթ խոչընդոտում է ստորագրահավաքի օրինական անցկացմանը։ Նախ շուրջ 40 000 ընտրական իրավունք ունեցողանձանց քաղաքում տրամադրվել էր ընդամենը մեկ սենյակ ստորագրահավաքը իրականացնելու համար, հանրային ծառայողներին հրահանգվել էր թույլ չտալ ԱՀ այլ համայնքների և քաղաքների բնակիչներին մասնակցել ստորագրահավաքին Ստեփանակերտում, մինչդեռ ԱՀ յուրաքանչյուր քաղաքացի`Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման համաձայն,ով ունի ընտրական իրավունք կարող է մասնակցել ստորագրահավաքին ԱՀ ցանկացած քաղաքում և համայնքում։ Այս հարցը իհարկե իր լուծումը գտավ ԱՀ Արդարադատության նախարարի հետ ստորագրահավաքը նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի հանդիպումից հետո։ Ապա նաև քաղաքապետի կողմից լիազորված հանրային երեք ծառայողներին պարտադրվել էր , որ երեքն էլ միանգամից ստորագրեն ստորագրահավաքի համար նախատեսված ձևաթերթիկի տակ, մինչդեռ դա պետք է արվեր հերթափոխով։ Այս ամենից զատ պետական բոլոր կառույցների աշխատակիցներին պարտադրվել է չմասնակցել ստորագրահավաքին՝ ընդհուպ մինչև վախի սպառնալիքներ հնչեցնելը և պահանջելը նրանցից անձը հաստատող փաստաթղթեր։

Նախաձեռնող խումբը հետամուտ կլինի այսպիսի անօրինական գործողությունների բացահայտմանը և նրանց լուսաբանմանը, ապա նաև օրինական դաշտում այս բոլոր հարցերի հանգուցալուծմանը»,- ասված է հայտարարությունում: Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում կատարվելիք փոփոխությունը հնարավորություն կընձեռի ՀՀ քաղաքացիներին ևս որպես թեկնածու ընտրվելու իրավունք ունենալ Արցախի Հանրապետության նախագահական և ԱԺ պատգամավորական ընտրություններում: Երեկ տարածված հաղորդագրությունում նշվել էր, որ արդեն իսկ հավաքագրվել է 23 հազար ստորագրություն, մինչդեռ անհրաժեշտ էր 11 000:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել