Արցախում ընտրողների կողմից քվեաթերթիկը լուսանկարահանելու դեպքերի առթիվ 7 քրեական գործ է հարուցվել
22:34 - 03 ապրիլի, 2020

Արցախում ընտրողների կողմից քվեաթերթիկը լուսանկարահանելու դեպքերի առթիվ 7 քրեական գործ է հարուցվել

Արցախի հանրապետության դատախազությունը տեղեկացնում է, որ 2020 թվականի մարտի 31-ին ԱՀ համապետական ընտրությունների ընթացքում ընտրողների կողմից քվեաթերթիկը լուսանկարահանելու դեպքերի առթիվ հարուցվել է 7 քրեական գործ: Հիշյալ քրեական գործերի նախաքննության ընթացքում որպես քննության առարկա է ընդունվելու ինչպես լուսանկարահանման բուն նպատակի և շարժառիթների, այնպես էլ դրա միջոցով ընտրողի քվեարկության արդյունքները վերահսկելի դարձնելու հնարավոր դրսևորումների բացահայտումը:

Հաղորդագրության համաձայն՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» խորհրդատվական հասարակական կազմակերպության հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել նաև Հադրութի շրջանի Տումի համայնքում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ:
Երկու քրեական գործ է հարուցվել նաև Մարտունու շրջանում արձանագրված՝ քվեախցիկում միաժամանակ երկու անձի գտնվելու և, հետևաբար, քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքերի առթիվ:

Հիշյալ քրեական գործերն ըստ քննչական ենթակայության ուղարկվել են ԱՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն իրականացնելու համար:
Դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբն, ըստ ԱՀ դատախազության, շարունակում է զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկումը, որի շրջանակում առերևույթ հանցագործության հատկանիշների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող հրապարակումների գրանցման և ընթացքավորման արդյունքների վերաբերյալ կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել