Արցախի խորհրդարանում քննարկել են Ղարաբաղ տելեկոմի սակագների հարցը
13:25 - 28 հունիսի, 2019

Արցախի խորհրդարանում քննարկել են Ղարաբաղ տելեկոմի սակագների հարցը

Ազգային ժողովում «Ժողովրդավարություն» խմբակցության նախաձեռնությամբ հունիսի 28-ին տեղի է ունեցել քննարկում՝ «Հեռահաղորդակցության ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ» թեմայով:

Խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Մելքումյանը նշել է, որ խորհրդարանում արդեն երկու ամիս է, ինչ թեմայի շուրջ ընթանում են տարբեր ձևաչափերով քննարկումներ, և սույն հանդիպումը դրանց շարունակությունն է: Նա վերահաստատել է խմբակցության դիրքորոշումը՝ հետևողականորեն գործելու հեռահաղորդակցության ոլորտում առկա խնդիրներին լուծումներ գտնելու ուղղությամբ՝ պահպանելով կառուցողական մթնոլորտում աշխատելու կարևոր պայմանը:

Պատգամավոր Գեղամ Ստեփանյանը նշել է, որ նախաձեռնությունը որևէ մեկի կամ որևէ առանձին ընկերության դեմ չէ. միակ խնդիրը հանրային շահերի պաշտպանությունն է և հանրության շրջանում տարածված մտահոգությունների բարձրաձայնումը:

Այնուհետև անդրադառնալով նախորդ հանդիպման և դրան հետևած քննարկումների ժամանակ արծարծված թեմաներին՝ Գեղամ Ստեփանյանը շեշտել է, որ ողջունելի է, որ «Ղարաբաղ տելեկոմ» ընկերության կողմից նախաձեռնվել են քայլեր՝ սակագները մատչելի դարձնելու ուղղությամբ, իսկ Արցախի Հանրապետության Հանրային ծառայություններն ու տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի որոշմամբ սահմանվել է օպտիկամանրաթելային կապով ինտերնետի մատուցման մինիմալ արագության շեմ:

 Այնուամենայնիվ Արցախի Հանրապետությունում գործող միակ կապի օպերատորի մատուցած ծառայությունները, ի համեմատություն տարածաշրջանում և այլ երկրներում գործող կապի օպերատորների մատուցած ծառայությունների, այս փուլում որակապես զիջում են, իսկ գնային առաջարկները թանկ են:

«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության տնօրեն Կարեկին Օդաբաշյանը անդրադարձել է մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ու սակագների վերանայման հարցին՝ նշելով, որ կազմակերպությունը առաջիկա մի քանի ամիսների ընթացքում իրականացնելու է տեխնիկական վերազինում, առաջարկվելու են փաթեթներ՝ մատուցվող ծառայությունները և սակագները հանրության պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:

Քննարկման ընթացքում պատգամավորները հարցեր են հնչեցրել ռոումինգ ծառայության, զինծառայողների համար առավել մատչելի սակագներ սահմանելու, բջջային կայանների տեխնիկական վիճակի, բջջային ծածկույթի ընդլայնման և ոլորտային այլ թեմաների վերաբերյալ:

Ամփոփելով քննարկումը՝ Դավիթ Մելքումյանը նշել է, որ պատգամավորները հետևողական են լինելու ոլորտում բարեփոխումներ իրականցնելու հարցում՝ օգտագործելով պատգամավորական գործունեության ընձեռած հնարավորությունները:

Քննարկմանը մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներ և ԱՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել