Արցախի խնդիրն ու վիզաների ազատականացման հարցը Զոհրաբ Մնացականյանը քննարկել է Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարարի հետ |factor.am|

10:41 - 27 հունիսի, 2019

factor.am։ Հայաստանն ու Մալթան փոքր երկրներ են և միասին ձգտում են խորացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը։ Թեև Եվրամիության հետ մեր առևտրային շրջանառությունն այդքան մեծ չէ, սակայն ԵՄ անդամ Մալթայի հետ մեր հարաբերություններում կարողացել ենք ի հայտ բերել նոր և այնպիսի ոլորտներ, որտեղ կարող ենք իրականացնել հետաքրքիր ծրագրեր, որոնցից է, օրինակ, մեր ունեցած բարձր տեխնոլոգիաների, խելացի ինովացիոն ծրագրերի զարգացման փորձը, ինչը շատ լավ հիմք է Մալթայի հետ աշխատելու համար։

Այս մասին այսօր Հայաստան ժամանած Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Մենք քննարկեցինք խելացի գյուղատնտեսության և այլ ոլորտներում աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ մի շարք հարցեր և հույս ունենք, որ կկարողանանք ելքեր գտնել մեր երկրներն իրար կապելու համար։ Արդեն իսկ առկա է շատ լավ ձևավորված հիմք՝ կրթության և մշակույթի ոլորտում համագործակցության համար։

Մեր հարաբերությունները հիմնված են համաեվրոպական արժեքների վրա, ունենք քաղաքակրթական մեծ պատմություն, պատմականորեն էլ մենք միմյանց ծանոթ ենք դեռ միջնադարից, իսկ դա բավականին լավ հիմք է, որպեսզի մեր երկու երկրների հարաբերությունները զարգանան»,-ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարը՝ նշելով, որ քննարկել են նաև վիզաների ազատականացման և Հայաստանի անվտանգության օրակարգի ամենակարևոր խնդիրները։

«Մենք անդրադարձանք նաև մեր անվտանգության օրակարգի ամենագերակա՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հարցին, և ես առիթ ունեցա ներկայացնել Հայաստանի մոտեցումներն ու դիրքորոշումները։ Այլ հարցերի շուրջ ևս քննարկումներ ենք ունեցել, և այս ամենը ցույց է տալիս, որ մենք օրակարգային հարցերի պակաս չունենք, մեր հանդիպումների շարունակականությունը պահպանելու ենք ՝ ցույց տալով, թե որքան լուրջ են մեր մտադրությունները երկու ժողովուրդների և պետությունների միջև հարաբերությունները խորացնելու առումով»,-ասաց Զոհրաբ Մնացականյանը՝ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելային։

Մանրամասները՝ տեսանյութում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել