civilnet.am։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը քննարկման ընթացակարգ է սկսել Տիգրան Օհանջանյանի հրապարակային պնդումների հիմքով։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջից։

ՍիվիլՆեթը հունիսի 27-ին հրապարակել էր Շուշի քրեակատարողական հիմնարկի նախկին բանտարկյալ Տիգրան Օհանջանյանի մասնակցությամբ տեսանյութը, որում նա պատմում էր ձերբակալման և կալանավորման ընթացքում իր նկատմամբ ոստիկանների կողմից կիրառված բռնության մասին։ Տեսանյութի հրապարակումից հետո հայտարարություն տարածեց Արցախի ոստիկանությունը: Արցախի ՄԻՊ-ի պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է.

«Տ.Օհանջանյանը պնդում է, որ 2014 թվականի հունիսին զենք-զինամթերք կրելու ու ապօրինի պահելու մեղադրանքով բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանություն, որտեղ իրեն ապօրինաբար պահել են 13 օր: Նախկին դատապարտյալը նշում է, որ այդ ընթացքում ինքը հնարավորություն չի ունեցել իրացնելու ազատությունից զրկվելու դեպքում անձի՝ օրենքով նախատեսված իրավունքները՝ հեռախոսազանգի իրավունք, փաստաբանի իրավունք և այլն:

Բացի այդ, Տ.Օհանջանյանի պնդմամբ, ազատությունից փաստացի զրկման պահից մինչեւ պատժի կրման ավարտը ինքը բազմիցս ծեծի և անմարդկային վերաբերմունքի այլ դրսևորումների է ենթարկվել ԱՀ ոստիկանության ծառայողների կողմից:

Ներկայացված տեսանյութի հիման վրա, ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքի 15–րդ հոդվածով՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի ժամանակավոր փոխարինող Արսեն Սառաջյանը կայացրել է սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ սկսելու մասին որոշում:
Քննարկման հետագա ընթացքի մասին կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ»: