Արցախի Խորհրդարանն «Արցախ-Կանադա» բարեկամության խումբ ստեղծելու հայտարարություն է ընդունել
14:35 - 27 մարտի, 2019

Արցախի Խորհրդարանն «Արցախ-Կանադա» բարեկամության խումբ ստեղծելու հայտարարություն է ընդունել

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, Աշոտ Ղուլյանի նախագահությամբ, մարտի 27-ին գումարել է իններորդ նստաշրջանի հերթական նիստը:

Բացելով նիստը՝ Աշոտ Ղուլյանը տեղեկացրել է ներկաներին Կանադայի Համայնքների պալատում մարտի 19-ին Արցախի ժողովրդի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծման մասին, այնուհետև հրապարակել Արցախի Հանրապետության Ազգային ժողովում «Արցախ-Կանադա» բարեկամության խումբ ստեղծելու՝ ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորներից կազմված խմբի հայտարարությունը:

Նստաշրջանի օրակարգը հաստատվեց, իսկ նիստի օրակարգը հաստատելուց առաջ պատգամավոր Գագիկ Բաղունցի առաջարկով հանվեց իր հեղինակած՝ «Մտքի, խղճի, դավանանքի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերը, նպատակահարմար համարելով դրանց քննարկումը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքն ընդունելուց հետո:

Շարունակելով նիստի աշխատանքները՝ խորհրդարանը Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրինագծերի փաթեթը: Նախարարի փոխանցմամբ՝ առաջին ընթերցումից հետո նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն եղել: Գլխադասային՝ պետական- իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունն ստանալուց հետո խորհրդարանը ընդունել է օրենքների փաթեթը:

Արդարադատության նախարարը հաջորդիվ ներկայացրել է ««Տեղական ինք­նա­­­կա­­ռա­­­վարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունումը, համաձայն կառավարության լիազոր մարմնի, նախատեսում է սահմանվող՝ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնավարման ժամկետները, տեղական ինքնակառավարման մարմիններ ընտրելու և ընտրվելու իրավունք ունեցող քաղաքացիների տարիքային ցենզը, ինչպես նաև ընտրելու և ընտրվելու իրավահարաբերությունները սահմանափակող դրույթների համապատասխանեցում ԱՀ Սահմանադրությանը: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը պատգամավորներին ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նախագծի վերաբերյալ տեղի ունեցած մտքերի փոխանակությունից և նախարարի եզրափակիչ ելույթից հետո 25 կողմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ օրենքն արժանացել է խորհրդարանի հավանությանը:

««Պետական վիճակագրության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը խորհրդարանի քննարկման է ներկայացրել ԱՀ վիճակագրության ծառայության խորհրդի անդամ Իրինա Ավանեսյանը: Նրա հաղորդմամբ՝ նախագծի ընդունումը բխում է Արցախի Հանրապետության Սահմանադրության պահանջներից: Նախագծի վերաբերյալ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի դրական դիրքորոշումը լսելուց հետո խորհրդարանը ընդունել է օրենքը:

««Ներման մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը խորհրդարանին է ներկայացրել Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արայիկ Լազարյանը: Վերջինիս հիմնավորմամբ՝ նախագծի ընդունմամբ ԱՀ Սահմանադրության 70-րդ և 93-րդ հոդվածներին համահունչ՝ կկանոնակարգվեն ներման իրավունքի մանրամասները, ներման խնդրագրերի ներկայացման, քննարկման, ներում շնորհելու ընթացակարգերը: Այս օրինագծի վերաբերյալ ևս գլխադասային՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն և առաջարկել այն ընդունել առաջին ընթերցմամբ: Խորհրդարանը 25 կողմ ձայնով ընդունել է օրենքը:

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Սամվել Շահրամանյանը օրենսդիրների քննարկմանն է առաջարկել.

««Ազգային անվտանգության մարմինների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագծը, որի ընդունմամբ կհստակեցվեն ԱՀ ԱԱԾ մարմինների կառավարման և ղեկավարման հիմնադրույթները, այդ մարմինների նկատմամբ վերահսկողության իրականացումը, ԱԱԾ ղեկավարի ու նրա տեղակալների նշանակման և ազատման կարգը, ԱԱԾ մարմինների լիազորությունները, ինչպես նաև ծառայության աշխատակիցների սոցիալական պաշտպանվածությունը: ԱԱԾ տնօրենի խոսքով՝ օրենքի՝ վերը նշված դրույթները նաև կհամապատասխանեցվեն ԱՀ Սահմանադրությանը:
««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագծը, որի ընդունումամբ օրենքի մի շարք դրույթներ նույնպես կհամապատասխանեցվեն ԱՀ Սահմանադրությանը, կհստակեցվի պետական լիազոր մարմնի ղեկավարին և նրա տեղակալներին պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատման, ինչպես նաև բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելու, պետական մարմինների և ազգային անվտանգության ծառայության պաշտոնների համապատասխանության դրույթները, ազգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակող անձանց խրախուսման կարգը և այլն:
«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագծը, որով սահմանվում է հատուկ պետական պաշտպանության ենթական անձանց անվտանգության կազմակերպման և իրկանացման իրավական հիմքերը, սկզբունքները, պետական պահպանություն իրականացնող մարմնի լիազորությունները, գործունեության կարգն ու առանձնահատկությունները, կարգավորում է այդ ոլորտում ծագող հարաբերությունները:
ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ժաննա Գալստյանն առաջարկվող նախագծերի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը, որից հետո խորհրդարանը քվեարկությամբ հավանություն է տվել օրենքներին:

«Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելով՝ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ակնկալել է խորհրդարանի հավանությունը՝ հիմնավորելով այն զբոսաշրջության խթանման անհրաժեշտությամբ: Նրա փոխանցմամբ՝ օտարերկրյա քաղաքացիներին Արցախի Հանրապետության մեկանգամյա (մինչև 21 օր) մուտքի զբոսաշրջային արտոնագիր տրամադրվելու է առանց պետական տուրքի գանձման: Նախագծով առաջարկվում է նաև ԱՀ մուտքի արտոնագրերի տրամադրումը բացի Արտաքին գործերի նախարարության հյուպատոսական բաժնից, իրականացնել նաև Արցախի սահմանային անցակետերում: Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո, խորհրդարանն ընդունել է օրենքը:

Ներկայացնելով ««Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքը՝ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը նշել է, որ կվերանայվի ռոյալթիի (հանքարդյունահանման դիմաց լիցենզառուի կողմից պետական բյուջե վճարվող գումար) բազայի անուղղակի եղանակով հաշվարկման համար նախատեսված սահմանաչափը և կկանոնակարգվեն Արցախի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի համաձայն հավաստագիր ստացած հարկատուների կողմից հավաստագրի գործողության ժամկետի ավարտին հաջորդող առաջին տարվա ընթացքում կատարվելիք ռոյալթիի կանխավճարների հաշվարկման հարաբերությունները:

Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը ներկայացրել է հանձնաժողովային քննարկումների արդյունքները, որից հետո խորհրդարանը քվեարկել է նախագծի ընդունման օգտին:

Պատգամավորական հայտարարությամբ հանդես են եկել՝ Արթուր Թովմասյանը, Գագիկ Բաղունցը, Հայկ Խանումյանը, Վահրամ Բալայանը և Գեղամ Ստեփանյանը:


Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Արցախ – Կանադա» բարեկամական խումբ ստեղծելու մասին

Երախտագիտությամբ ընդունելով Կանադայի Համայնքների պալատի պատգամավորների 2019թ. մարտի 19-ի հայտարարությունը՝ «Արցախի ժողովրդի խորհրդարանական բարեկամներ» խումբ ստեղծելու մասին,

Վերահաստատելով Արցախի Հանրապետության հանձնառությունը՝ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու բոլոր ազգերի հետ՝ հիմնված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հարգման վրա,

Գնահատելով Կանադայի օրենսդիրների պատրաստակամությունը՝ զարգացնելու երկխոսություն և փոխադարձ շփումներ, ինչպես նաև Հարավային Կովկասում տարածելու հանդուրժողականություն և հարգանք մարդու իրավունքների հանդեպ,

Նպատակ ունենալով հետևողականորեն ընդլայնելու Կանադայի հետ կապերը, մասնավորապես` մարդասիրական համագործակցության բնագավառում,

Մենք` Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ներքոստորագրյալ պատգամավորներս, ներկայացնելով խորհրդարանի բոլոր խմբակցությունները, հայտարարում ենք Արցախի Հանրապետության Ազգային ժողովում «Արցախ – Կանադա» բարեկամական խումբ ստեղծելու մասին:

Ռամելա Դադայան - «Հայրենիք»
Արարատ Օհանջանյան - «Հայրենիք»
Դավիթ Մելքումյան - «Ժողովրդավարություն»
Ռիտա Մնացականյան - «Դաշնակցություն»
Էդուարդ Աղաբեկյան - «Շարժում - 88»
Հայկ Խանումյան - «Վերածնունդ»


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել