Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Ադրբեջանին որոշ զենքերի վաճառքն արգելելու կոնգրեսականի առաջարկը
07:24 - 28 հունիսի, 2019

Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Ադրբեջանին որոշ զենքերի վաճառքն արգելելու կոնգրեսականի առաջարկը

Ողջունում ենք ԱՄՆ կոնգրեսմեն Բրեդ Շերմանի` «Ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկությունը, որը հնարավորություն կտա արգելափակել Ադրբեջանին այնպիսի զենքերի վաճառքը, որոնք բարձրացնում են վերջինիս կողմից քաղաքացիական ինքնաթիռներ խոցելու հնարավորությունը։ Այս նախաձեռնությունն արդիական է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը չի հրաժարվել Արցախում քաղաքացիական ինքնաթիռներ խոցելու իր սպառնալիքներից և խաղաղ բնակչության դեմ ուժի կիրառումից։

Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը Արցախի ինքնիշխան իրավունքն է և հետապնդում է բացառապես քաղաքացիական ու մարդասիրական նպատակներ, մասնավորապես՝ մարդու այնպիսի հիմնարար իրավունքի իրացումը, ինչպիսինն է տեղաշարժի ազատությունը:

Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող շրջափակումը մշտական և լուրջ խոչընդոտ է դարձել Արցախի քաղաքացիական բնակչության տեղաշարժի ազատության համար, որը նաև հանգեցնում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և այլ առանցքային միջազգային համաձայնագրերում ամրագրված մարդու մյուս հիմնարար իրավունքների խախտմանը:

Ադրբեջանի նման քաղաքականությունը հստակորեն վկայում է նրա բացահայտ արհամարհանքը՝ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների վերաբերյալ, և քաղաքացիական բնակչության նկատմամբ կոլեկտիվ պատիժ կիրառելու նրա քաղաքականության շարունակությունն է հանդիսանում։

Ավելին, Ադրբեջանի այսօրինակ գործողությունները միջազգային հակաիրավական արարք են և պետք է ամենալուրջ հակազդեցության արժանանան միջազգային հանրության կողմից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել