Արցախը փորձել է խոցել Ադրբեջանի ավիացիա՞ն. Ստեփանակերտը հերքում է, Բաքուն՝ պնդում |armtimes.com|

12:08 - 13 հունիսի, 2019

armtimes.com։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ հունիսի 12-ի առավոտյան հայկական կողմը «ՕՍԱ» ԶՀՀ-ից փորձել է խոցել իրենց ավիացիոն միջոցները, սակայն հրթիռները թիրախին չեն դիպել: Արցախի ռազմական ղեկավարությունը հերքում է այս հայտարարությունը՝ համարելով այն դեզինֆորմացիա:

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարության տեքստում գրել է նաև, որ հարվածից հնարավոր է եղել խուսափել «իրենց ռազմական օդաչուների վարպետության և ժամանակակից տեխնիկայի շնորհիվ»: Նյութին կից հրապարակվել են նաև տեսանյութ և լուսանկարներ, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, արվել են ԱԹՍ-ից, ինչը ուղեկցում էր իրենց ավիացիոն միջոցներին՝ ուսումնական թռիչք կատարելիս, հայտնում է Ռազմինֆոն:

Միեւնույն ժամանակ Արցախի ՊԲ-ի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: «Սա իրականությանը չի համապատասխանում: Արցախի Պաշտպանության բանակն ուշադիր հետեւում է առաջնագծում տեղի ունեցող տեղաշարժերին», - կարճ անդրադարձավ Հասրաթյանը: Հարցին, թե ինչու է նման լուրեր շրջանառում ադրբեջանական ՊՆ-ն, Հասրաթյանը չպատասխանեց: «Ես չեմ կարող դա մեկնաբանել», - ասաց նա:

Միեւնույն ժամանակ ՌազմԻնֆոյի փորձագետները նկատում են, որ ադրբեջանական տեքստից կարող է տպավորություն ստեղծվել, թե հայկական կողմը փորձել է խոցել ուսումնական թռիչք կատարող ուղղաթիռ կամ ինքնաթիռ, ինչը, կարծում ենք՝ իրականությանը չի համապատասխանում մի քանի պատճառով:

«Դատելով հրապարակված տեսանյութից՝ հրթիռը շարժվում է դեպի հենց նկարող օբյեկտի՝ ԱԹՍ-ի ուղղությամբ, իսկ կադրում որևէ այլ թռչող օբյեկտ չկա: Հրապարակած կադրերից մենք կարողացել ենք հասկանալ վայրը, ինչը առաջնագծից դեպի հայկական տարածք շուրջ 13 կմ խորության վրա է, այսինքն՝ սա չէր կարող լինել ուսումնական թռիչք:

Բացի այդ, չենք կարող վստահ լինել՝ արդյոք տեսանյութը արվել է հենց հունիսի 12–ին, թե՝ ոչ։

Ուստի, կարծում ենք, որ հրթիռը շարժվել է հետախուզական թռիչք իրականացնող ադրբեջանական ԱԹՍ-ի ուղղությամբ, այլ ոչ թե ուսումնական թռիչք կատարող ինքնաթիռի կամ ուղղաթիռի»,- ասված է գործակալության հրապարակած տեքստում:

Միեւնույն ժամանակ որոշ ռազմական փորձագետներ չեն բացառում, որ տեղեկատվությունը կարող է համապատասխանել իրականությանը, հատկապես, որ վերջին շրջանում առաջնագծում, ինչպես մեկ օր առաջ հայտնել էր Արցախիի ՊԲ-ն, նկատվում է Ադրբեջանի անօդաչու թռչող սարքերի և ռազմավիացիայի թռիչքների աճ: Սա կարող է լինել նախազգուշացնող կրակոց, նշում են նրանք:

Ավելի վաղ Արցախի ՊԲ-ն հայտնել էր, որ հունիսի 11-ի օրվա ընթացքում և 12-ի գիշերը ադրբեջանական կողմն է հակամարտ զորքերի շփման գծի մի շարք հատվածներում գործողության մեջ դրել ինչպես տարբեր տրամաչափի հեռահար և դիպուկահար զինատեսակներ, այնպես էլ ՀԱՆ-17 տիպի նռնականետեր (5 նռնակ): «Անհրաժեշտության դեպքում ասվածը կարող ենք հիմնավորել համապատասխան տեսագրություններով», - ասված էր հաղորդագրության մեջ:

Ավելին՝ armtimes.com


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել