Արտակարգ դրության պայմաններում ԱԺ նիստ չանցկացնելու Մարուքյանի առաջարկը չընդունվեց |armenpress.am|
11:05 - 24 մարտի, 2020

Արտակարգ դրության պայմաններում ԱԺ նիստ չանցկացնելու Մարուքյանի առաջարկը չընդունվեց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խմբակցություններին առաջարկեց քվորում չապահովել և նիստ չիրականացնել:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի ժամանակ այն որևէ ազդեցութուն չի ունենում Ազգային ժողովի գործունեություն վրա, բայց այս նորմը սահմանադիրը նախատեսել է այն պարագաների համար, երբ կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն՝ դրանով թույլ չտալով, որ Ազգային ժողովը գործի: Ես կարծում եմ, որ քառօրյա նստաշրջանը գումարելով հիմա, 130 հոգով այստեղ հավաքվելով և մեր աշխատողներին այստեղ հրավիրելով վատ օրինակ ենք ծառայում, մանավանդ վարչապետի երեկվա հայտարարությունից հետո: Եվ ես առաջարկում եմ խմբակցություններով քննարկել, ԱԺ-ում մնանք միայն խորհրդի անդամներով, հիմա քվորում չապահովենք, չհաստատենք օրակարգը, և այդ ճանապարհով նիստ չիրականացնենք»,- ասաց Մարուքյանը:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ խորհրդարանի աշխատանքը չի կարող խաթարվել արտակարգ դրության օրերին:

«Այս ընթացքում՝ մինչ արտակարգ դրությունը շարունակվում է, Ազգային ժողովը չի կարող կասեցնել իր աշխատանքները: Մենք չգիտենք, թե արտակարգ դրությունը երբ կավարտվի, 30 օրով է այն, բայց սա շարունակաբար կարող է երկարել: Նույնիսկ վերլուծություն կա մի քանի ամիսների, տարվա մասին, մենք այդ ռեժիմով չենք կարող մի տարի մնալ և պետք է երկրի համար կարևոր օրենքներ ընդունենք»,- նշեց Միրզոյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկը հավանության չարժանացավ, Ազգային ժողովը սկսեց իր աշխատանքները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել