armenpress.am: Արտակարգ դրության ժամանակահատվածում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ունենալու է լիազորություն՝ ստացված բողոքների հիման վրա աշխատանքային օրենսդրության խախտումների մասով վերահսկողություն իրականացնել։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշել է, որ հրատապ ռեժիմով նախաձեռնվել է «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխությունների նախագծի մշակում:

-Տիկին Բաթոյան, երկրում ստեղծված ճգնաժամով պայմանավորված` հաճախ բարձրաձայնվում է աշխատանքային իրավունքների ոտնահարման հարցը։ Այս ամենի համատեքստում առաջ է քաշվում աշխատանքի տեսչություն ունենալու կամ գործող Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին հավելյալ լիազորություններ տալու անհրաժեշտությունը։ Այս ուղղությամբ նախարարությունում կային քննարկումներ, ասացեք խնդրեմ` ի՞նչ փուլում են:

-Այո, ճիշտ եք: Անհրաժեշտությունը կա, և մենք բազմիցս բարձրաձայնել ենք այդ մասին: Կարող եմ ասել, որ 2019 թ․ Աշխատանքային օրենսգրքի համապատասխան փոփոխությունների արդյունքում ընդամենը 1 տարի հետո Հայաստանում կրկին կներդրվի աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողության համակարգ։

-Հաշվի առնելով այն, որ այս պահին ո՛չ նախարարությունը, ո՛չ տեսչական մարմինը լիազորություններ չունեն միջամտելու աշխատանքային հարաբերություններին, հնարավոր է արագացված կարգով նախագիծ դրվի շրջանառության մեջ` գործող տեսչական մարմնի լիազորություններն ավելացնելու համար։

-Այո, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրատապ ռեժիմով նախաձեռնել է Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագծի մշակում, որում, ի թիվս այլ կարգավորումների, նախատեսվում է նաև ամրագրել, որ արտակարգ դրության ժամանակահատվածում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ունենալու է լիազորություն՝ ստացված բողոքների հիման վրա աշխատանքային օրենսդրության խախտումների մասով վերահսկողություն իրականացնել:

Ավելին՝ armenpress.am-ում