Արսեն Ջուլֆալակյանը մասնակցել է ՄՕԿ-ի համաժողովին. քննարկվել է Տոկիո 2020-ը հետաձգելու հարցը
11:56 - 19 մարտի, 2020

Արսեն Ջուլֆալակյանը մասնակցել է ՄՕԿ-ի համաժողովին. քննարկվել է Տոկիո 2020-ը հետաձգելու հարցը

Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը մասնակցել է Միջազգային օլիմպիական կոմիտեի առցանց համաժողովին: Նա այդ մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: Ջուլֆալակյանը, որը ժողովին մասնակցել է Ըմբշամարտի միջազգային միության կողմից, իր գրառման մեջ ներկայացրել է քննարկման թեման:

«Տոկիո 2020 Օլիմպիական խաղերի մասին...

Րոպեներ առաջ ավարտվեց ՄՕԿ-ի կողմից կազմակերպված վիրտուալ ժողովը, որին մասնակցեցի նաև ես Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի կողմից: Բանախոսներն էին ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնյան և այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ: Սկզբում նրանք հանդես եկան ստեղծված իրավիճակի մասին հակիրճ ելույթով, որից հետո մոտ մեկ ու կես ժամ պատասխանեցին ժողովի մասնակիցների հարցերին:
Հարցերը տարբեր էին՝

մարզումների իրականացման համար անհնար պայմաններ

սպորտային նպատակով ճամփորդելու անհնարինություն

վարկանիշային մրցումների հետաձգում անորոշ ժամանակով

դոպինգային ստուգումների անհնարինություն

օլիմպիական խաղերի թեկնածու, բայց այժմ վիրուսակիր հանդիսացող մարզիկների խնդիր

խաղերի կայացման դեպքում հանդիսատեսների և մասնակիցների անվտանգություն

խաղերի հետաձգում և այլն...

Տրվեցին այս պահին հնարավորինս սպառիչ պատասխաններ: Ինչպես նշեց նախագահ Բախը, անհրաժեշտ է լինել իրատես գնահատականների մեջ, լավատես՝ ակնկալիքների, գործնական գործողությունների մեջ:

Այս պահին շարունակվելու են նախապատրաստական աշխատանքները, և կոչ արվեց մարզիկներին և մարզիչներին շարունակել իրենց մարզումները: Բոլոր մյուս որոշումները կկայացվեն՝ ելնելով կորոնավիրուսի տարածման ծավալներից: 1-2 շաբաթը մեկ կլինեն նման ժողովներ, որոնց ընթացքում կքննարկվեն զարգացումները և կհայտնվեն որոշումները: Այս պահին վերջնական ոչ մի որոշում չկա:

Եվ կրկին հղում անելով նախագահ Բախին՝ ՄՕԿ-ի համար գլխավորը մարզիկների և մասնակիցների առողջությունն ու անվտանգությունն է և Օլիմպիական շարժման շարունակականությունը: Պետք է մնալ ճկուն և համագործակցային»,- գրել է Ջուլֆալակյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել