Արման Թաթոյանն ու Ղազախստանի դեսպանը պատրաստակամություն են հայտել զարգացնել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը
11:29 - 07 հունիսի, 2019

Արման Թաթոյանն ու Ղազախստանի դեսպանը պատրաստակամություն են հայտել զարգացնել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։

Հանդիպման ընթացքում մարդու իրավունքների պաշտպանը դեսպանին է ներկայացրել իր աշխատանքի ուղղությունները, գործառույթներն ու լիազորությունների շրջանակը, ինչպես նաև այն ծրագրերը, որոնք իրականացվում են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում։

Արման Թաթոյանը դեսպանին է փոխանցել իր շնորհակալական խոսքը այս տարվա հունվար ամսին Կարագանդայում հայերի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին Ղազախստանի մարդու իրավունքների հանձնակատար Ասկար Շակիրովի արագ արձագանքի համար՝ ի պատասխան Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի խնդրանքի:

Թիմուր Ուրազաևը կարևորել է Պաշտպանի դերը մարդու իրավունքների, մասնավորապես երեխաների իրավունքների պաշտպանության և իրավունքների լիարժեք իրացման տեսանկյունից՝ հրավիրելով Արման Թաթոյանին մասնակցելու 2019 թվականի աշնանը Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում կազմակերպվելիք երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված միջազգային բարձրաստիճան համաժողովին։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտել զարգացնել երկու երկրների մարդու իրավունքների ազգային հաստատությունների միջև ձևավորված սերտ համագործակցությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել