Պացիենտների թվի աճին զուգընթաց մոտեցումները փոխվում են, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, թե հիվանդնոցներում կա՞ն համապատասխան քանակի մահճակալներ և թթվածնային սարքեր՝ կորոնավիրուսով վարակված հիվանդներին սպասարկելու համար։

«Երևանում այս պահին 4 մասնագիտացված բժշկական կենտրոններում են աշխատանքներ ծավալվում. Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը, Օրթոպեդիայի ինստիտուտը, ոստիկանության հոսպիտալը և Սբ. Աստվածամայր կենտրոնի ծննդատան մասնաճյուղը, որոնց գումարային մահճակալային ֆոնդը կազմում է մոտ 650 մահճակալ», - ասաց Թորոսյանը։

Նա նշեց նաև, որ հնարավոր է մարզային բժշկական կենտրոններն էլ առանձնացվեն այդպիսի աշխատանքներ ծավալելու համար։

«Վանաձորի և Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցների համապատասխան բաժանմունքներն այս պահին ներառված են և այնտեղ այս պահին պացիենտներ կան, որոնք սիմպտոմներ չունեն կամ թեթև սիմպտոմներ ունեն»։

Անդրադառնալով արհեստական շնչառական սարքավորումներին՝ առողջապահության նախարարն ասաց, որ այս պահին առանձնացված 42 սարք կա, որոնցից օգտագործվում է միայն մեկը։

«7 սարքի գնման գործընթաց ենք սկսել, ինչպես նաև աշխարհի բոլոր տեղերից ձեռքբերումներ ենք փորձում իրականացնել։ Բայց աշխարհում կա դրանց դեֆիցիտ», - ասաց նախարարը։

Թորոսյանը նշեց նաև, եթե եղած սարքերի քանակը չփոխվի, դրանք չեն բավականացնի բոլոր հիվանդների համար։