armtimes.com: Հեռավար ուսուցման դասերից կարգազանց աշակերտներն այլեւս չեն կարողանա փախչել․ ուսուցիչները սկսել են գործածել էլեկտրոնային մատյանը։  

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից երեկ գործարկված մատյանում այսօր կեսօրվա դրությամբ արդեն 9000 գրանցված ուսուցիչներ կան։ Ուսուցիչների թիվը հայտնեց ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը։

Խոսելով շատ հաճախ կրկնվող հարցերի մասին՝ նա նշեց, որ եթե ուսուցիչը տեսնում է՝ ուրիշ դասարան է մուտք գործել, պետք է դիմի իր կրթական հաստատության օպերատորին, որպեսզի դպրոցի կառավարման տեղեկատվական համակարգում ճիշտ դասաբաշխում իրականացվի։ Դրա ճիշտ իրականացվելու դեպքում ամեն ինչ ավտոմատ կշտկվի։

Նրա խոսքով՝ երբ մասնագետն օպերատորից ստանում է իր ID-ն (աշխատակցի ունիկալ նույնացուցիչ), դպրոցների կառավարման համակագում այն ավտոմատ գեներացվում է եւ հանդիսանում առաջին անգամ մուտք գործելու համար user mail-ը եւ գաղտնաբառը։ 

Ստորեւ նշում ենք Էլեկտրոնային մատյանից օգտվելու քայլերը հերթականությամբ․

  • Ձեր դպրոցի օպերատորից ստացեք դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում ձեր ID-ն,
  • մուտք գործեք կրթության կառավարման տեղեկատվական համակարգ` emis.am,
  • ընտրեք դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգ բաժինը,
  • ընտրեք դպրոցների տվյալների մուտքագրման համակարգ բաժինը եւ սեղմեք, կհայտնվի պատուհան, բացված 2 տողում էլ մուտքագրեք օպերատորից ստացած ID-ն,
  • փոխեք Ձեր գաղտնաբառը՝ նորը գրելով առկա տողերում,
  • ընտրեք վերեւի հատվածում գրված դասարաններ բաժինը,
  • նշեք դասարանը եւ սեղմեք գնահատականներ բառը,
  • բացված պատուհանից ընտրեք առարկան, ամիսը, կիսամյակը, ուս․ տարին,
  • ընտրեք օրը, տվյալ աշակերտի անվան վանդակի մեջ կատարեք գնահատում, բացակայության նշանակում եւ սեղմեք պահպանել։

    Օրվա թեման եւ տնային առաջադրանքը լրացնելու համար անհրաժեշտ է․

    • մատյանի նույն էջում ընտրել օրվա թեմա բաժինը, գրել այն եւ պահպանել,
    • նշել տնային բաժինը, գրել այն եւ պահպանել։

    Եթե այդ վանդակներից մեկը սեղմելիս կբացվի պատուհան, որտեղ կնշվի, որ դասացուցակը կազմված չէ, անհրաժեշտ է կապվել օպերատորի հետ եւ տեղեկացնել, որ տվյալ դասարանի համար ձեւավորի դասացուցակ։