Արգիշտի Քյարամյանի հայտարարագիրն ամբողջական չէ. թաքցված բնակարանի հետքերով
08:11 - 05 հուլիսի, 2019

Արգիշտի Քյարամյանի հայտարարագիրն ամբողջական չէ. թաքցված բնակարանի հետքերով

FIP.am: Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում թաքցրել է իրեն պատկանող բնակարանը։

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանն այս տարվա ապրիլին պաշտոնը ստանձնելուց հետո հայտնվեց հանրության քննարկումների կենտրոնում՝ հատկապես հայտարարագրած «աչք ծակող» դրամական միջոցների պատճառով։ Չնայած Քյարամյանի պարզաբանմանը, որ դրամական միջոցների մեծ մասը նվիրաբերել է արտասահմանում բնակվող քեռին, բազմաթիվ հարցեր՝ կապված ունեցվածքի ծագման հետ, մնում են չպարզաբանված։

Fip.am-ը, ուսումնասիրելով ներկայացրած հայտարարագիրն ու Կադաստրի պետական կոմիտեից ստացված փաստաթղթերը, պարզեց, որ ՊՎԾ ղեկավարի պաշտոնակատարի հայտարարագրում նշված տվյալներն ամբողջական չեն, և Քյարամյանը թաքցրել է իրեն պատկանող մեկ այլ գույք։

Անշարժ գույքը ամբողջությամբ լրացված չէ

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով 2019 թ. մայիսի 8-ին պաշտոնը ստանձնելու դրությամբ ներկայացրած հայտարարագրում Արգիշտի Քյարամյանը, որպես իրեն պատկանող անշարժ գույք, նշել է երկու բնակելի տուն, չորս հողամաս, մեկ հողին ամրակայված այլ անշարժ գույք և մեկ ավտոտնակ։ Ընդհանուր՝ Քյարամյանը հայտարարագրել է ութ տարբեր տեսակի անշարժ գույք։

 

Սակայն ըստ Կադաստրի պետական կոմիտեից ստացված փաստաթղթերի, Արգիշտի Էլբեկի Քյարամյանի անվամբ գրանցված անշարժ գույքի քանակը ինն է։ Այդ թվում՝ մեկ բնակարան, երեք բնակելի տուն, չորս հողամաս և մեկ ավտոտնակ։

Փաստացի, Քյարամյանը չի հայտարարագրել համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մ. Մելիքյան փողոցի 16 շենքում գտնվող բնակարանը։

Քյարամյանը հերքում է

Փաստերի ստուգման հարթակը հարցում ուղարկեց ՊՎԾ պետի պաշտոնակատարին, պարզելու՝ թե ինչո՞ւ վերոնշյալ անշարժ գույքը չի հայտարարագրվել։ Քյարամյանը պատասխան նամակում հայտնեց, որ նշված բնակարանը սեփականության իրավունքով իրեն չի պատկանում։

«Հիշյալ հասցեում տարիներ առաջ հաշվառված եմ եղել, ապա հանվել եմ հաշվառումից: Եթե ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից տեղեկություն եք ստացել առ այն, որ քննարկվող գույքը սեփականության իրավունքով ինձ է պատկանում, ապա խնդրում եմ կրկին ճշտեք այդ տեղեկությունը»,- գրել էր Քյարամյանը։

Կադաստրը վերահաստատում է

Fip.am-ը մեկ անգամ ևս դիմեց կադաստրի կոմիտե, որպեսզի ճշտի՝ արդյո՞ք հնարավոր է, որ տրամադրված փաստաթղթում վրիպակ լինի։ Սակայն կադաստրից մեզ հավաստիացրին, որ սխալ չկա, և Քանաքեռ-Զեյթունում գտնվող բնակարանը, համատեղ սեփականության իրավունքով, գրանցված է Արգիշտի Քյարամյանի անունով։

«Մելիքյան փողոց 16 շենքի թիվ 36 բնակարանի մասով մեզ մոտ կա սեփականության վկայական, որը մեր կողմից տրվել է 2010 թ. հուլիսի 22-ին։ Այնտեղ, որպես համասեփականատեր, Արգիշտի Էլբեկի Քյարամյանն է։ Դրանից հետո միգուցե իրենք օտարում կամ նվիրատվություն են արել։ Սակայն եթե, օրինակ, իրենք նվիրատվություն անեն, ապա պետք է գնան նոտար, նվիրատվության վկայագիրը ունենան, պետք է բերեն մեզ ներկայացնեն, որ անվանափոխություն լինի։ Սակայն մեզ մոտ փոփոխություն չի գրանցվել, և նոր վկայական չկա»,- պարզաբանեց կադաստրի աշխատակիցը։

Որպես ապացույց՝ Կադաստրից տրամադրեցին նաև բնակարանի սեփականության վկայականը։ Փաստաթղթում նշվում է, որ ք. Երևան, Մ. Մելիքյան փող, 16 շենքի թիվ 36 բնակարանի սեփականատերերն են՝ Վարդանուշ Նիկոլայի Ավանեսյանը, Լարիսա Ռուբենի Գրիգորյանը, Տիգրան Ռուբենի Գրիգորյանը և Արգիշտի Էլբեկի Քյարամյանը։ Լարիսա Ռուբենի Գրիգորյանը, ըստ մամուլի հրապարակումների, Արգիշտի Քյարամյանի մայրն է։

Հատկանշական է, որ Արգիշտի Քյարամյանին պատկանող բնակելի տների ցանկում նշվում է Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի 1-ին փողոց 5-րդ նրբանցքի թիվ 2 բնակելի տունը, որտեղ, ըստ ընտրողների ռեգիստրի, գրանցված է մեկ անձ՝ Էլբեկ Երեմի Քյարամյանը, որը Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանն է։ Հանրության համար այդպես էլ չպարզաբանված մնաց, թե ինչ արյունակցական կապեր ունեն Արգիշտի Էլբեկի Քյարամյանն ու Էլբեկ Երեմի Քարամյանը, որը, ըստ մամուլի, ճոխ նվիրատվություններ է արել ՊՎԾ պետի պաշտոնակատարին։

Այսպիսով, ըստ էության, Արգիշտի Քյարամյանը պաշտոնը ստանձնելու հայտարարագրում կեղծ տվյալներ է ներկայացրել իր ունեցվածքի մասին, ինչը Քրեական օրենսգրքի 314.3 հոդվածով նախատեսված հանցագործություն է (hայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը):

Կարինե Կիրակոսյան

Սևադա Ղազարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել