Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանին
11:30 - 01 ապրիլի, 2019

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 1-ին ընդունել է մեր երկրում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան  Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսին: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

Խորհրդարանի ղեկավարը, կարեւորելով  երկու երկրների միջեւ գոյություն ունեցող  բարեկամական հարաբերությունները, նշել է, որ դրանց առավել խորացմանն ու ընդլայնմանը կնպաստի նաեւ իրավապայմանագրային դաշտի կատարելագործումը:

Արժեւորելով  Հայաստանի եւ Բրազիլիայի օրենսդիր մարմինների միջեւ  առկա փոխգործակցությունը՝  Արարատ Միրզոյանը նշել է, որ Ազգային ժողովում արդեն ձեւավորվել է  Հայաստան-Բրազիլիա  բարեկամական խումբը, ինչն իր հերթին խթան կհանդիսանա  համագործակցության աշխուժացման համար:

Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսն վստահեցրել է, որ ջանք չի խնայի նպաստելու Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ ջերմ  հարաբերությունների ամրապնդմանը: Նա եւս կարեւորել   է իրավապայմանագրային դաշտի բարելավմանն ուղղված քայլերի իրականացումը, ինչպես նաեւ պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը` երկու երկրների կապերի  խորացման գործում: Երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում դեսպանն արժեւորել է բրազիլահայ համայնքի դերակատարությունը` ընդգծելով նաեւ նրանց ակտիվ գործունեությունն ամենատարբեր ոլորտներում:

Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսն Ազգային ժողովի նախագահին  է ներկայացրել հայ-բրազիլական հարաբերությունների եւ համագործակցության ընդլայնմանն ուղղված նախաձեռնությունները եւ փոխգործակցության օրակարգը: Արարատ Միրզոյանն այդ հարցում գործուն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել:
Կողմերը քննարկել են համատեղ նոր ծրագրեր իրականացնելուն առնչվող հարցեր, կարեւորել  փոխգործակցության ակտիվացումը  մասնավորապես  զբոսաշրջության,  գյուղատնտեսության ու  գիտակրթական ոլորտներում, ինչպես նաեւ ներդրումների խթանման գործում: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել