«Արարատցեմենտի» աշխատակիցները կմնան դրսում՝ սպասելով Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը |news.am|
13:28 - 16 ապրիլի, 2019

«Արարատցեմենտի» աշխատակիցները կմնան դրսում՝ սպասելով Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը |news.am|

«Արարատցեմենտի» աշխատակիցներն արդեն երկու օր շարունակում են փակ պահել գործարան տանող ճանապարհը՝ պահանջելով Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպում։ Աշխատակիցներն ասացին, որ այսօր իրենց պահանջին են միացել նաեւ Արարատ քաղաքի բնակիչները։

«Ժողովուրդը եկել է, վաղն ավելի շատ կլինեն, մարդիկ սպասում են, ասում են՝ Ծառուկյանը թող գա»,–ասաց աշխատակիցը։
Նրա խոսքով՝ գործարանի ներսում կա գազալցակայան, որը սպասարկում է միայն գործարանի  մեքենաները։ Այսօր ավտոբուսները ցանկացել են մտցնել, լիցքավորել, սակայն պահակակետում խնդիրներ են առաջացել։

«Ասացին՝ ավտոբուսները լիցքավորեն, որ կանանց տանեն տուն, հետ բերեն, բայց պահակապետը՝ Գալուստը թույլ չտվեց։ Մի փոքր խոսակցություն եղավ, ավտոբուսները պտտվեցին եւ ամբողջությամբ փակեցին մուտքը»,–ասաց աշխատակիցը։
Նրա խոսքով՝ միջադեպին ներկա են եղել նաեւ տնօրինության ներկայացուցիչները, փորձելով ամեն կերպ վիճակը մեղմել։

«Մեր տնօրենը՝ Մանուկ Առաքելյանն ասաց, որ վաղը ժամը 3–ին պարոն Ծառուկյանը կգա եւ մեզ հետ կհանդիպի»,–ասաց աշխատակիցը՝ նշելով, որ այսօր էլ կգիշերեն գործարանի մոտ՝ դրսում։
Նրա խոսքով՝ այս պահին միայն տղամարդիկ են գործարանի մոտ, կանայք գնացել են մի փոքր հանգստանան։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ պատրաստվում է հանդիպել գործարանի աշխատակիցների հետ։
«Ես իմ աշխատողների ցավը տանեմ, ես իրենց չեմ կրճատել, հիմա գնալու եմ իրենց հետ հանդիպման: Նույնիսկ ասել եմ՝ գնացեք տուն, դրսում մի մնացեք»,-ասել է Գագիկ Ծառուկյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել