Արարատի մարզի դատախազությունը հայցով դիմել է դատարան՝ խնդրելով վերականգնել Ավշարի «Հին դպրոցի շենքի» նկատմամբ պետության սեփականությունը
21:43 - 08 ապրիլի, 2020

Արարատի մարզի դատախազությունը հայցով դիմել է դատարան՝ խնդրելով վերականգնել Ավշարի «Հին դպրոցի շենքի» նկատմամբ պետության սեփականությունը

Արարատի մարզի դատախազությունը հայցով դիմել է դատարան՝ խնդրելով վերականգնել Ավշարի համայնքի «Հին դպրոցի շենքի» և այն սպասարկող հողամասի նկատմամբ պետության սեփականությունը։ Այս մասին հայտնում է Արարատի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը։

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ՀՀ Արարատի մարզի դատախազության ընդդեմ Սուրիկ Թեմուրի Գրիգորյանի, Հայկազ Բալաբեկի Նազարյանի և Էդիկ Ավետիսի Ավետիսյանի` պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին հայցադիմումը: Սուրիկ Գրիգորյանը Ավշար համայնքի ղեկավարն է, Հայկազ Նազարյանը՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Վեդու տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը, Էդիկ Ավետիսյանը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Վեդու տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչի քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման համաձայն՝ Արարատի մարզի Ավշար համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանի և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Վեդու տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավար Հայկազ Նազարյանի ոչ իրավաչափ անզգույշ գործողությունների արդյունքում էական վնաս է պատճառվել պետությանը՝ առանց պետության գիտության և պատշաճ իրավական ընթացակարգերի, պետական սեփականություն հանդիսացող Ավշար համայնքում գտնվող «Հին դպրոցի շենք» անվանումը կրող շինության, այդ թվում նաև սպորտդահլիճի և կաթսայատան նկատմամբ գրանցվել է Ավշար համայնքի սեփականությունը և այն որպես պետական սեփականություն դուրս է մնացել ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվառումից:

Նույն որոշման համաձայն՝ Արարատի մարզի Ավշար համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանի և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Վեդու տարածքային ստորաբաժանման ղեկավար Էդիկ Ավետիսյանի ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում էական վնաս է պատճառվել պետությանը՝ առանց պետության գիտության և պատշաճ իրավական ընթացակարգերի, պետական սեփականություն հանդիսացող 0,6225 հեկտար հողամասի նկատմամբ գրանցվել է այլ անձի սեփականության իրավունքը, իսկ դրա արժեքը՝ 5.042.250 ՀՀ դրամը մուտքագրվել է այլ սուբյեկտի՝ Արարատի մարզի Ավշար համայնքի հաշվեհամարին:

Նշված քրեական գործով վարույթը կարճվել և Սուրիկ Գրիգորյանի, Հայկազ Նազարյանի և Էդիկ Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել այն հիմքով, որ անցել են քրեական պետասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները:

Արարատի մարզի դատախազությունը ներկայացված հայցով խնդրել է վերականգնել «Հին դպրոցի շենքի» և այն սպասարկող հողամասի նկատմամբ պետության սեփականությունը: Մասնավորապես՝ խնդրել է անվավեր ճանաչել «Հին դպրոցի շենքի» վերաբերյալ 08.10.2002թ. Ավշար համայնքի անվամբ տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականը, 17․12․2007թ․ «Հին դպրոցի շենքի» կայացված աճուրդը, Սուրիկ Գրիգորյանի և Պերճ Միրզոյանի միջև 26.12.2007թ. կնքված առուվաճառքի պայմանագիրը և տրված սեփականության իրավունքի վկայականը, կիրառել անվավերության հետևանքներ և վերականգնել «Հին դպրոցի շենքի» և այն սպասարկող հողամասի նկատմամբ պետության սեփականությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել