Ատոմ Ջանջուղազյանը կարևորել է ՀՀ կառավարության բարեփոխումներին ԵՄ-ի ակտիվ մասնակցությունը
17:15 - 19 փետրվարի, 2020

Ատոմ Ջանջուղազյանը կարևորել է ՀՀ կառավարության բարեփոխումներին ԵՄ-ի ակտիվ մասնակցությունը

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը փետրվարի 19-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն. Գ. Անդրեա Վիկտորինին: 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵՄ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը և հետագա համագործակցության հեռանկարները:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը  կարևորել է ՀՀ կառավարության բարեփոխումների գործընթացներում ԵՄ-ի ակտիվ մասնակցությունը, մասնավորապես տարբեր գործիքների միջոցով ցուցաբերվող աջակցությունը: Անդրադառնալով պետական ֆինանսների կառավարման ներկա բարեփոխումներին՝  նախարարը կարևորել է այդ ոլորտում ԵՄ-ի կուտակած փորձը և այն հայկական կողմի հետ կիսելու անհրաժեշտությունը: Խոսելով ԵՄ կողմից իրականացվող ծրագրերից և շեշտադրելով դրանց արդյունավետ իրականացումը՝ նախարարը, մասնավորապես, նշել է, որ առաջնային նշանակություն ունեն իրականացվող ծրագրերի հիմքում դրվող  գաղափարներն և վերջնարդյունքը:

ԵՄ դեսպանը պատրաստակամություն է հայտնել շարունակել ԵՄ աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: Նա միաժամանակ, բարձր է գնահատել ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի ռազմավարության շրջանակներում արձանագրված զգալի առաջընթացը, մասնավորապես ՀՀ կառավարության կողմից Պետական ֆինանսների կառավարման համակարգի (ՊՖԿՀ) 2019-2023թթ. բարեփոխումների ռազմավարության ընդունումը:

Կողմերը ընդգծել են նաև ՊՖԿՀ ռազմավարության քննարկման նպատակով 2020 թ. հունվարին դոնոր կազմակերպությունների համար կազմակերպված համաժողովի կարևորությունը և պատրաստակամություն են հայտնել երկկողմ առկա համագործակցության բոլոր ուղղություններով շարունակել ակտիվ փոխգործակցությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել