Առաջին հայցն արդեն դատարանում է, մյուսները շուտով կուղարկվեն. Ռուբեն Մելիքյանը՝ «ՈՉ»-ի կողմից ընտրակաշառք տալու վերաբերյալ լուրերի մասին
16:00 - 04 մարտի, 2020

Առաջին հայցն արդեն դատարանում է, մյուսները շուտով կուղարկվեն. Ռուբեն Մելիքյանը՝ «ՈՉ»-ի կողմից ընտրակաշառք տալու վերաբերյալ լուրերի մասին

«Իրավական ուղի» ՀԿ-ի ղեկավար, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Ոչ» քարոզչական կողմի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Ոչ» քարոզչական կողմի կողմից բաժանվող ընտրակաշառքի մասին իբր լուրերին:

Նման մեթոդներով «Ոչ»-ին վարկաբեկելու փորձերն անիմաստ են, քանի որ մենք ինքներս ենք հայտնաբերում ընտրակաշառքի մասին իբր «լուրեր» տարածողներին ու իրավապահներից առանձին-առանձին ու հրապարակավ պահանջում զբաղվել նրանցով:

Եվս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում եմ. բոլոր այն մարդիկ, որոնք կփորձեն «Ոչ»-ի կողմի մասին ապատեղեկատվություն կամ բամբասանք տարածել՝ թե իբր իրենց տալի ամուսնու հորքարոջ հարսի եղբոր ուսմասվարի բաջանաղը լսել է, որ «Ոչ»-ի կողմից կաշառք կամ անգամ կաշառքի խոստում է եղել, պատասխան են տալու օրենքի առջև:

«Եվս մեկ անգամ հորդորում եմ Դատախազությանն ու Ոստիկանությանը ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն այս «լուրերը» տարածող մարդկանց հայտնաբերելու և քրեադատավարական ընթացակարգով իրականությունը պարզելու համար:

Նաև տեղեկացնում եմ, որ մենք սկսել ենք քաղաքացիադատավարական ընթացակարգ՝ զրպարտչական և մեզ համար վիրավորական «լուրեր» տարածողների դեմ։ Առաջին հայցն արդեն դատարանում է, մյուսները շուտով կուղարկվեն։ Թող գան դատարան ու հանրության առջև բացահայտնեն եղելությունը (կամ դրա բացակայությունը)։

Իսկ ԶԼՄ-ներին առաջարկում եմ չմոլորեցնել հանրությանը: Դադարեցրե՛ք անիմաստ շահարկումները և ակնհայտ կեղծ օրակարգի ձևավորումը:

Նաև նման մեթոդներին ենք ասում՝ Ո՛Չ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել