Առաջարկվում է սոցիալական աջակցության տարածքային մարմինները տեղափոխել սոցապ նախարարության ենթակայության ներքո |hetq.am|
09:20 - 20 հունիսի, 2019

Առաջարկվում է սոցիալական աջակցության տարածքային մարմինները տեղափոխել սոցապ նախարարության ենթակայության ներքո |hetq.am|

hetq.am։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունն առաջարկում է սոցիալական աջակցության տարածքային մարմինները մարզպետարանների և համայնքների ենթակայությունից տեղափոխել իրենց նախարարության ենթակայության ներքո: Նախարարությունը ակնկալում է, որ այս կերպ կկարողանան բնակչությանը առավել մատչելի, նպատակային և որակյալ սոցիալական ծառայությունների ամբողջական փաթեթ տրամադրել:

«Սոցիալական աջակցության մասին» օրենքում նման փոփոխության նախագիծ է քննարկման ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իրավասու կլինի իրականացնել սոցիալական ծառայությունների տարածքային մարմինների աշխատակիցների ընտրությունը և նշանակումը, կունենա աշխատանքային իրավական լծակներ ներգործելու նրանց վրա, ինչպես նաև ուղղակի պատասխանատու կլինի նպաստների նշանակման ամբողջ գործընթացի համար։

Այդ փոփոխությունը մեծապես կնպաստի սոցիալական ծառայությունների ինտեգրված կենտրոնների աշխատանքների բարելավմանը, և դրանց կառուցվածքային մոդելի վերջնականացմանը»,- հայտնել է նախարարությունը:

Նշենք, որ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում գործում են որպես սոցիալական աջակցության տարածքային գործակալություններ: Դրանց աշխատողները քաղաքացիական ծառայողներ են, իսկ Երևանի քաղաքապետարանի, Արարատի, Վանաձորի, Գյումրու և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում դրանք գործունեություն են ծավալում որպես սոցիալական աջակցության տարածքային բաժինները, որոնց աշխատողներն արդեն համայնքային ծառայողներ են:

Գործակալությունների ֆինանսավորումը՝ աշխատավարձ, պահպանման այլ ծախսեր, իրականացվում են մարզպետարանների միջոցով, իսկ բաժիններինը իրականացվում է նախարարության միջոցով՝ համայնքի ղեկավարների հետ նախարարության աշխատակազմի ղեկավարի միջև կնքված պայմանագրի հիման վրա: «Սակայն, անկախ տարածքային մարմինների և դրանց աշխատողների կարգավիճակից՝ լիազորությունների շրջանակը, իրավունքներն ու պարտականություններն ու պատասխանատվությանը նույնական են»,- հայտնել է նախարարությունը:

Հենց այս հանգամանքը հաշվի առնելով՝ նախարարությունը հայտնել է, որ նախագիծը ընդունվելու դեպքում կվերանան կրկնվող գործառույթները, մի կողմից նախարարության և մյուս կողմից մարզպետարանների, համայնքների միջև տեղեկատվության շարունակական փոխանակման ու համադրումների գործառույթները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել