Առանց կրթության քաղաքացիները  չեն կարող բարձր աշխատավարձի հավակնություն ունենալ․ Սուրեն Սահակյան
13:28 - 02 ապրիլի, 2019

Առանց կրթության քաղաքացիները չեն կարող բարձր աշխատավարձի հավակնություն ունենալ․ Սուրեն Սահակյան

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջարկում է անցում կատարել եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի՝ սահմանելով 23%, այնուհետև եկամտային հարկի դրույքաչափը մինչև 2023 թվա­կա­նը աստիճանաբար նվազեցնել` դարձնելով 20%:

Ներկայումս գործում է եկամտային հարկի եռաստիճան՝ 23% (մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար), 28% (150 հազար դրամից մինչև 2 միլիոն դրամ) և 36% (2 միլիոն դրամից բարձր) դրույքաչափեր: Այսպիսով, նախատեսվող փոփոխությունները մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողներին չեն վերաբերելու. նրանք շարունակելու են հարկվել 23%-ով:

Թեմայի շուրջ զրուցել ենք «Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ի գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի հետ:

-Նիկոլ Փաշինյանն ասում է՝ համահարթ դրույքաչափ սահմանելու ուղերձն այն է, որ ՀՀ-ում 80 հազար աշխատավարձ ստացող չպետք է լինի, որ աշխատավարձերը պիտի մի քանի անգամ աճեն։ Ձեր կարծիքով որքանո՞վ է իրատեսական այս փաստարկը, կարո՞ղ է այս փոփոխությունը նպաստել աշխատավարձերի բարձրացմանը։

- Ոչ, դրանք երկու տարբեր բաներ են։ Իրականում օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը, ադեցության գնահատականը, նպատակները փոփոխության փաթեթում առկա են լինում։ Առաջարկվող փոփոխությունը, ըստ հեղինակների, միտված էր բարձրացնել ներդրումային գրավչությունը։ Այս փաստարկը շատ արագ վերացավ, որովհետև աշխատավարձից հարկերի չափով Հայաստանն առանց այդ էլ աշխարհում առաջատար դիրքերում է, և տոկոսադրույքի նվազեցումը (էժան աշխատուժի առաջացումը) ոչ մի կերպ չէր հանգեցնի ներդրումային գրավչության աճի։

Հաջորդ հռչակված նպատակը ստվերային աշխատավարձերը ի հայտ բերելն էր։ Կարծիք էր հնչում՝ քանի որ աշխատավարձից ավելի շատ է հարկվում, քան շահույթից ու դիվիդենտից միասին վերցրած, ապա գործատուին ձեռնտու է աշխատավարձը կանխիկով վճարել, դա ցույց տալ որպես շահույթ և հարկվել շահութահարկով։ Բայց նույնիսկ այս փոփոխությունների պարագայում էլ ստացվում է, որ աշխատողին գրանցելու դեպքում առաջանում է 28+% հարկ (23% աշխատավարձից հարկ + 5% պարտադիր կենսաթոշակային վճար+1000 դրամ դրոշմանիշների գումարը) այն դեպքում, երբ շահութահարկն ու դիվիդենտից հարկը միասին կազմում են 22%-ից մի փոքր ավելի, քանի որ այս դեպքում կիրառվում է բարդ տոկոսադրույք։

Այսպիսով հռչակված նպատակներն իրականանալի չեն, դրա համար էլ նորանոր պատճառներ են բերվում՝ արդարացնելու այսպիսի փոփոխությունը։

Մենք ողջունում ենք վարչապետի շուրթերով հնչած կառավարության այն նպատակը, որ աշխատողները Հայաստանում պետք է բարձր վարձատրվեն։ Մենք նույնպես ուզում ենք, որ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում բոլոր մարդիկ կիրթ ու առողջ լինեն, աշխատանք ունենան, որը բարձր կվարձատրվի։ Բայց դրա համար նվազագույնը պետք է, որ քիչ եկամուտ ունեցողները քիչ հարկվեն, որպեսզի կարողանան իրենց կրթության ու առողջապահական ծախսերը հոգալ։ Առանց կրթության քաղաքացիները բարձր տեխնոլոգիական ոլորտներում աշխատանքի ու բարձր աշխատավարձի հավակնություն չեն կարող ունենալ։ Այսօրվա պայմաններում, երբ կրթությունը, առավել ևս որակյալ կրթությունը, վճարովի են, պետք է նվազ եկամուտ ունեցողների մոտ ավելի շատ գումար թողնել, քան դա արվում է հիմա։

Բարձր աշխատավարձերը քիչ հարկելով՝ մենք բարձր աշխատավարձեր վճարելը չենք խթանում, այլ մեծացնում ենք սոցիալական բևեռացումը։ Կարելի է դա ուսումնասիրել ԱՄՆ-ի փորձով, որտեղ 1964-ին ամենաշատ վաստակողների համար նախատեսված 91% եկամտահարկը մինչև 1987 թվականը հասցվեց մինչև 38,5%-ի։ Այստեղ սկսվեցին բազմաթիվ պրոբլեմներ ու սոցիալական ծայրահեղ բևեռացում։ Առանց այն էլ մեր հանրության եկամուտները արդար չեն բաշխվում և հսկայական տարբերություն կա ամենաբարձր ու ամենացածր եկամուտներ ունեցողների միջև։ Այս մոդելի մեր քննադատությունը մենք օդից չենք հայտնաբերել։ Սա գործնականում իր վատ կողմերը արդեն ցույց է տվել ամբողջ աշխարհում։ 

-Ի՞նչ դրական կամ բացասական հետևանքներ կունենա համահարթ հարկումը 80-150 հազար աշխատավարձ ստացող քաղաքացիների վրա, որոնք 63% են կազմում։

- Հարկման համահարթ դրույքաչափի անցնելու դեպքում մինչև 150 հազար դրամ եկամուտ ունեցողների աշխատավարձերը չեն փոխվի, քանի որ նրանք այժմ էլ հարկվում են 23% դրույքաչափով։ Փոխարենը, ավելի բարձր ստացողներից քիչ հարկելու պատճառով բյուջեում առաջացած պակասորդն առաջարկվում է լրացնել որոշ ապրանքատեսակների վրա ակցիզային հարկն ավելացնելու ճանապարհով։ Այս ապրանքների մեջ է մտնում նաև վառելիքը։ Հետևաբար, պետք է սպասել բոլոր ապրանքների թանկացման։ Այ այստեղ արդեն ձեր նշած սեգմենտը բավականին տուժելու է։

Ստացվում է, որ մենք (պետությունը) բարձր աշխատավարձ ստացողների վրայից հարկային բեռը տեղափոխում ենք նվազ եկամուտներ ունեցողների ուսերին, զրկում նրանց որոշակի խնայողությունների հնարավորություններից, որոնք նրանք կարող էին կրթությանն ուղղել, որպեսզի ավելի բարձր աշխատավարձի հավակնեին։ Հենց այստեղ է վարչապետի նախորդ հարցում արծարծված հայտարարության գրոտեսկային բնույթը ակնհայտ դառնում։

- Հաշվի առնելով, որ որոշ ապրանքների ակցիզային հարկերը բարձրանալու են, իսկ շահութահարկը նվազելու է, կարո՞ղ ենք ասել, որ պետբյուջեի չափը փոփոխությունների չի ենթարկվի։ Եվ քանի որ համահարթ հարկումը չի բարելավելու մեծամասնություն կազմող միջին վիճակագրական աշխատավարձ ստացող քաղաքացիների կյանքը, ապա կառավարությունն ի՞նչ խնդիր է ցանկանում լուծել հարկային օրենսգրքի այս փոփոխություններով։

- Ո՛չ, այս փոփոխությունների «գինը» տարբեր գնահատականներով 25-30 մլրդ դրամ է կազմում։ Այդ պակասորդը, ինչպես արդեն նշեցի, փորձ է արվում տարբեր տեղերից լրացնել։ Հենց այս փորձերն էլ բողոքի տարբեր ակցիաներ են առաջացնում։ Անկեղծ ասած, որևէ կերպ չեմ պատկերացնում, թե եկամտահարկի համահարթ դրույքաչափի անցման այս մոդելը ինչ խնդիրներ է լուծելու։ Մենք, գուցե բարդ հաշվարկներ ու սխեմաներ ենք ակնկալում տեսնել, բայց կարող է ամեն ինչ ավելի պարզ լինել, օրինակ՝ որովհետև Վրաստանում այդպես է։ Այլ, ավելի տրամաբանված տարբերակ ես չեմ տեսնում։

- Շատ մասնագետներ առաջարկում են չհարկվող շեմեր սահմանել։ Համաձա՞յն եք դրա հետ։ Որ խմբերի համար այն պետք է նախատեսված լինի և առհասարակ ի՞նչ է իրենից ներկայացնում։

- Այո՛, համաձայն եմ։ Ինչպես նշեցի, աշխատող քաղաքացին չպետք է հարկվի այն գումարից, որը նրան հազիվ է բավարարում սննդի, կրթության, առողջապահական ծախսերը հոգալու համար։ Ավելին, տնտեսությանը մասնակցելու հնարավորություններ չունեցողների համար պետությունը պետք է երաշխավորի այդպիսի գումար, որպեսզի այդ հատվածի քաղաքացիներն իրենց կյանքը արժանապատիվ ապրեն։

Որևէ մեկը երաշխավորված չէ, որ ինքը կամ իր որևէ հարազատը չեն հայտնվելու այդպիսի վիճակում։ Մենք հանրային համերաշխության այսպիսի մոդել ենք պատկերացնում։ Ես հեռու եմ այն մտքից, որ սրան կարելի է անմիջապես հասնել։ Պետք է աստիճանաբար գնալ դրան և, այո, այս ուղղությամբ կատարված առաջին քայլը կարող է լինել նվազագույն սպառողական զամբյուղի չհարկման քայլը։ Եվ նույնիսկ այն երկրներում, որտեղ համահարթ դրույքաչափ է կիրառվում, սովորաբար չհարկվող շեմ են սահմանում, որպեսզի մեղմեն այդ տարբերությունը։

- ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ներկայացրեց համահարթ դրույքաչափի տարբերակի այլընտրանք։ Ընդունելի՞ տարբերակ է այն Ձեզ համար։ Ի՞նչ առավելություններ ունի նախորդի հետ համեմատած։

- Ներկայումս առաջարկվող տարբերակում որևէ երաշխիք չկա, որ բարձր աշխատավարձ ստացողները կհայտարարագրեն իրենց բարձր եկամուտները։ Պարոն Թունյանի առաջարկած մոդելի էությունն այն է, որ տոկոսադրույքը իջնի այն պարագայում, եթե բարձր աշխատավարձ ստացողները իրենց եկամուտներն ուղղեն պետության գերակա հռչակած ուղղություններ (կրթություն, առողջապահություն և այլն)։ Այո՛, դա ավելի գործուն տարբերակ կարող է լինել ստվերի կրճատման հարցում։ Բայց այս տարբերակը սոցիալական բևեռվածության ու սոցիալական արդարության խնդիրը չի լուծում։ Բաբկեն Թունյանը խոստացել է մի նմանատիպ առաջարկ էլ անել չհարկվող շեմի վերաբերյալ և հույս ունեմ, որ հաջորդող առաջարկը նույնքան լավն ու գործուն կլինի։

- Ըստ Կառավարության՝ եկամտահարկի դրույքաչափի իջեցումը նպատակ ունի նվազեցնել գործատուի բեռը, սակայն այս նոր տարբերակով գործատուն, միևնույնն է, վճարում է իր 28 և 36 տոկոս հարկերը։ Այս դեպքում ի՞նչը պետք է նրան ստիպի դուրս գալ ստվերից ու աշխատավարձը իրական թվերով գրանցել։

- Նախ, իրոք, մեզ մոտ ընդունված է պայմանագրերում նշել զուտ աշխատավարձը՝ հարկելուց հետո։ Կան ձեռնարկություններ, որոնք համախառն աշխատավարձն են նշում, բայց դրանք փոքր թիվ են կազմում։ Եվ այստեղ, իրոք, հարկերի բարձրացման դեպքում բեռն ընկնում է գործատուի վրա և հարկերի նվազեցումից շահում է գործատուն։ Իհարկե, ի վերջո դրա հետևանքները կրում են աշխատողները, բայց մակերեսային մակարդակում բեռը գործատուինն է։

Հաջորդը, գործ ունենք մոլորության հետ։ Իրականությունն այն է, որ մեզ մոտ եկամտահարկը դե-ֆակտո աշխատավարձից հարկն է, քանի որ այլ տեսակի եկամուտները եկամտահարկով չի որ հարկվում են։ Մինչդեռ դրանք ընդհանուր եկամուտների 70%-ից ավելին են։ Թերևս մոլորության մեջ է գցում հարկատեսակի «եկամտահարկ» անվանումը։

Իսկ ստվերից դուրս գալու պայմանների մասին կարելի է շատ խոսել։ Ի թիվս այլ նախապայմանների՝ պետք է նշել վարչարարության արդյունավետության բարձրացումը։ Թե ինչ վիճակում է այն այժմ, կարելի է պատկերացում կազմել նրանից, որ Ազատության հրապարակի շրջակա սրճարաններում գրանցված էին անտրամաբանորեն քիչ աշխատողներ, վիճակն այդպես էր տարիներով, բայց ՊԵԿ-ը, կարծես, դրա մասին չգիտեր։

Իրականում ես կարծում եմ, որ իրավասու մարմինները լավ են տիրապետում իրավիճակին, սակայն, մի կողմից կոռուպցիան, մյուս կողմից ոչ պրոֆեսիոնալիզմը հնարավորություն չեն տալիս վիճակը շտկել։ Պետք է կարգի բերվեն այդ համակարգերը։ Նրանք սովոր են լրիվ այլ պայմաններում աշխատել և, կարծում եմ, նոր իրավիճակը շատ բարդ ու անլուծելի խնդիրներ է առաջ քաշում նրանց համար։

 Աստղիկ Քեշիշյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել