Ապօրինի շինարարությունը եւ հողազավթումները բացառելու համար սահմանվել է ամենօրյա հերթապահություն․ Էջմիածնի քաղաքապետարան
11:38 - 03 ապրիլի, 2020

Ապօրինի շինարարությունը եւ հողազավթումները բացառելու համար սահմանվել է ամենօրյա հերթապահություն․ Էջմիածնի քաղաքապետարան

Էջմիածնի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Չնայած Հայաստանում հայտարարված արտակարգ դրությանը, որոշ քաղաքացիներ փորձում են օգտվել իրավիճակից եւ դիմում ապօրինությունների։
Մասնավորապես, անտեսելով օրենքը, ինչպես նաեւ նոր կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումները եւ հուսալով, թե համայնքապետարանն այս ընթացքում հեռավար աշխատանքի կազմակերպման պատճառով կանցնի պասիվ գործունեության` որոշ անձինք ծավալում են ապօրինի շինարարական աշխատանքներ` խախտելով օրենքն ու արտակարգ դրության կանոնները, վտանգելով հանրային առողջությունը:

Հարգելի´ քաղաքացիներ, Էջմիածնի քաղաքապետարանը զգուշացնում է, որ խիստ հետամուտ է օրենքով սահմանված կարգի պահպանմանը եւ իրավիճակից օգտվող անձինք կենթարկվեն պատասխանատվության` օրենքի ողջ խստությամբ:

Էջմիածնի համայնքապետարանը, արտակարգ դրության օրերին ապօրինի շինարարությունը եւ հողազավթումները բացառելու համար, սահմանել է քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի աշխատակիցների ամենօրյա հերթապահություն. ոչ մի ապօրինություն չի վրիպելու քաղաքային իշխանության աչքից:

Կոչ ենք անում խուսափել պատասխանատվությունից, զերծ մնալ ապօրինի շինարարությունից, բացառել ապօրինի հողազավթումն ու ապօրինի հողաշինարարությունը եւ խստագույնս պահպանել արտակարգ դրության կանոնները` այս օրիներին նաեւ չվտանգելով ձեր եւ ձեր հարազատների առողջությունը:»


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել