Ապրիլին 1-ից գործում են բիզնեսին աջակցության 4 ծրագրերը |lragir.am|
12:42 - 03 ապրիլի, 2020

Ապրիլին 1-ից գործում են բիզնեսին աջակցության 4 ծրագրերը |lragir.am|

lragir.am: Ապրիլի 1-ից գործում են կառավարության կողմից հաստատված ու կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզքոքացմանն ուղղված բոլոր 4 ծրագրերը, որոնք վերաբերում են բիզնեսի աջակցությանը։ Այս մասին կառավարությունում հրավիրած ասուլիսում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նա ևս մեկ անգամ մանրամասնեց ծրագրերը։

Առաջին գործիքի նպատակն այն է, որ արագ եղանակով ֆինանսական միջոցներ հասցվեն այն տնտեսվարողներին, որոնք առևտրային բանկերի համար հանդիսանում են հուսալի գործընկեր։ Ըստ նախարարի՝ առևտրային բանկերն են որոշում, թե որ կազմակերպություններն են այն հուսալի վարկառուները, որոնք կարող են օգտվել կառավարության համաֆինանսավորման, վերաֆինանսավորման կամ տոկոսադրույքի սուբսիդավորման ծրագրերից։

Երկրորդ միջացառումն, ըստ նախարարի, վերաբերում է գյուղատնտեսության ոլորտում կառավարության կողմից իրականացվող աջակցությանը։ «Գիտենք, որ այս ուղղությունը նոր չէ կառավարության համար, նախորդ տարի նույնպես շատ մեծ ծավալի աջակցություն է ցուցաբերված եղել։ Մենք այս տարի որոշակի առանձնահատկություններ ենք նաև ընդգծել, լրացումներ ենք արել՝ նպատակ ունենալով հատկապես գարնան գյուղատնտեսական աշխատանքներից առաջ հասանելի դարձնել այն ֆինանսական միջոցները, որոնք մեր ֆերմերային տնտեսությունները կօգտագործեն»,- ասաց նախարարը։

Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ երրորդ ուղղությունը փոքր և միջին բիզնեսի, հատկապես փոքր բիզնեսի համար արագացված ընթացակարգով, առանց ֆինանսական ու բանկային կազմակերպությունների միջնորդությամբ վարկավորման հնարավորությունն է, եթե իրենք 2019 թվականի ընթացքում դրսևորվել են որպես օրինապահ պարտաճանաչ հարկատուներ ու վարկառուներ։

«Եվ չորրորդ գործիքը մեր աջակցության գործիքն է այն կազմակերպությույններին, որոնք չնայած դժվար ժամանակներին, 2020 թվականի մարտի վերջի դրությամբ չեն կրճատել աշխատակիցների քանակն ու աշխավարձերի ֆոնդը։ Եվ մենք հայտարարեցինք, որ այդ կազմակերպությունների դեպքում յուրաքանչյուր 5-րդ աշխատակցի մեկ միջին աշխատավարձը վճարում է կառավարությունը»,- ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել