Ապրիլի 24-ի միջոցառումների ցանկը․ Ծիծեռնակաբերդը փակ կլինի
17:52 - 21 ապրիլի, 2020

Ապրիլի 24-ի միջոցառումների ցանկը․ Ծիծեռնակաբերդը փակ կլինի

Կորոնավիրուսից բխող որոշ սահմանափակումներից ելնելով Կառավարությունը վերջին օրերին ինտենսիվորեն քննարկում էր ապրլի 24- միջոցառումների կազմակերպչական հարցերը, որոնք այս օրերին առանձնահատուկ ուշադրության կարիք ունեն ՝ հաշվի առնելով մեր քաղաքացիների առողջության անվտանգությունը և բոլոր հանգամանքները կառավարությունը մի շարք առաջարկներ և կազմակերպչական որոշումներ է կայացրել։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ Վերջինս ներկայացրեց ապրիլի 24-ին նախատեսված միջոցառումների ցանկը՝

1․Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ երեկոյան ժամը 21։00-ին կհնչեն եկեղեցիների զանգերը, որոնց ներքո կմարվեն Երևանի և մարզկենտրոնների փողոցների լույսերը ։Մենք քաղաքացիներին կոչ ենք անելու նաև  մարել իրենց բնակարանների լույսերը և բջջային հեռախոսների լույսերի միջոցով պատուհանից խորհրդանշել միասնական ներկայությունն անմար կրակի շուրջ։ Լուսավառ ոգեկոչման րոպեն կունենա իր խորհրդանշական արձագանքը Ծիծեռնակաբերդից՝ Կամո Սեյրանյանը և Լիանա Ալեքսանյանը կկատարեն «Արի իմ սոխակ» երգը։

2․ Ապրիլի 24-ին առավոտյան 08։00-ից սկսած, քաղաքացիները Հայաստանից կարող են հաղորդագրություններ ուղարկել 1915 կարճ համարին և 0037433191500 հեռախոսահամարին արտասահմանից՝ իրենց անվամբ՝ հաստատելու հեռակա մասնակցությունը օրվա խորհրդին։ Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին։ 

3․Ապրիլի 24-ին ժամը 10։00-ից կմեկնարկեն ՀՀ վարչապետի, ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցերը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Խոնարհումի արարողությունն ուղեկցվելու է հանրահայտ դաշնակահար, վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի կատարմամբ։ Հարգանքի տուրքը գեղարվեստական ծրագրով կմեկնարկի նույն օրը ժամը 22։00-ին պետական կոլեկտիվների և անհատ կատարողների մասնակցությամբ։ Ծրագիրն ընդգրկելու է դասական և ժողովրդական ժանրի ստեղծագործություններ և տևելու է մինչև լուսաբաց։

4․Հաշվի առնելով անվտանգային որոշ  հարցեր՝ որոշում է կայացվել, որ ապրիլի 24-ին հուշահամալիրի մուտքը փակ է լինելու, և այդ որոշումը համապատասխան ակտով կհաստատվի Պարետատան կողմից։ Ուզում եմ տեղեկացնել, որ , ըստ էության,  մուտքը դեպի հուշահամալիր փակ է լինելու այսօրվանից՝ կազմակերպչական և անվտանգության նկատառումներից ելնելով։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել