Աշխարհում մնացել է 18 պետություն, որտեղ պաշտոնապես չի գրանցվել կորոնավիրուսի որեւէ դեպք |armtimes.com|
23:25 - 07 ապրիլի, 2020

Աշխարհում մնացել է 18 պետություն, որտեղ պաշտոնապես չի գրանցվել կորոնավիրուսի որեւէ դեպք |armtimes.com|

armtimes.com: Կորոնավիրուսային համաճարակը շարունակում է փոթորկել աշխարհն ու արագորեն տարածվել՝ վնասելով աշխարհի երկրների տնտեսությունները, սոցիալական վիճակն ու առողջապահական համակարգը:

Պարզվում է, աշխարհում դեռ կան անկյուններ, որտեղ կորոնավիրուսային վարակը չի հասցրել ներթափանցել եւ որեւէ դեպք չի գրանցվել, կամ էլ՝ չի գրանցվել պաշտոնական աղբյուրների համաձայն:

Ջոն Հոփքինսի անվան ամերիկյան հետազոտական ինստիտուտը շարունակում է հետեւել կորոնավիրուսի աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին եւ վարակի տարածման տեմպերին ամբողջ աշխարհում: Մինչ մարդիկ քննարկում են, թե Աֆրիկա մայրցամաքում հաջողվել է խուսափել վարակից, պարզվում է՝ աֆրիկյան 54 պետություններից մնացել է միայն 3 երկիր, որտեղ մինչ օրս կորոնավիրուսի որեւէ դեպք չկա գրանցված:

Դրանցից մեկը Լեսոտոյի թագավորությունն է: Թեպետ վիրուսին դեռ չի հաջողվել սողոսկել այս պետության սահմաններից ներս, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով, մարտի 30-ից այս փոքր  լեռնային պետությունը՝ մոտ 2 միլիոնից էլ պակաս բնակչությամբ, սահմանել է 25-օրյա կարանտին: Աշխատում են միայն հիվանդանոցները, խանութներն ու կոմունալ ծառայություններով զբաղվող հիմնարկները: Լեսոտոն դարձել է Աֆրիկայի առաջին պետությունը, որն ամբողջությամբ փակել է իր արտաքին սահմանները՝ կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով:

COVID-19 վարակի ոչ մի դեպք չի գրանցվել նաեւ Սան-Տոմե եւ Պրինսիպիում: Թեպետ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարծում է, որ  այստեղ վարակի ոչ մի դեպք չգրանցվելու պատճառն այն է, որ Գվինեական ծովածոցի այս կղզային պետությունը չունի թեստավորման համապատասխան սարքավորումներ, այնուամենայնիվ, Սան-Տոմե եւ Պրինսիպիում, որտեղ ապրում է 200 հազարից մի փոքր շատ մարդ, լրջորեն նախապատրաստվում են համաճարակի հնարավոր ներթափանցմանը. փակվել են դպրոցներն ու կրթական մյուս հաստատությունները, չեղարկվել են թռիչքները, կարանտինային գոտում է տեղավորվել մոտ 100 մարդ, որոնք վերջերս են ժամանել Սան-Տոմե եւ Պրինսիպի այլ երկրներից:

Կորոնավիրուսի համաճարակից զերծ մնացած աֆրիկյան երրորդ պետությունը Կոմորիի կղզիներն են: Այն փաստը, որ Հնդկական օվկիանոսի հարավ-արեւմուտքում գտնվող այս արշիպելագում դեռեւս գրանցված չէ վարակի ոչ մի դեպք, տեղի իշխանությունները բացատրում են տեղական բժշկության առանձնահատկություններով: Բանն այն է, որ  Կոմորիի իսլամական կղզիներում լայնորեն կիրառվում է մալարիայի բուժման դեղամիջոցը եւ թեպետ ասվածը գիտականորեն ապացուցված չէ, սակայն տեղական բժիշները կարծում են, որ հենց հակամալարիային միջոցառումներն են թույլ տվել պետությանը խուսափել կորոնավիրուսի տարածումից:

Իսլամական հավատքի հետնորդների մեկ այլ երկրում՝ Եմենում եւս, պաշտոնական տվյալներով, դեռեւս չկան COVID-19-ի հաստատված դեպքեր: Այնուամենայնիվ, երկիրն ամենայն լրջությամբ է նախապատրաստվել կորոնավիրուսի դեմ պայքարին: Նախ՝ Եմենի հակամարտության կողմերը, առաջինն արձագանքելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ համաշխարհային հրադադարի կոչին, համաձայնել են երկրում կրակի դադարեցման շուրջ, այնուհետ Ադենեում կարանտինային կենտրոն է բացվել: ԱՀԿ-ում նշում են, որ եթե Եմենում համաճարակ բռնկվի, երկրի՝ բազմամյա պատերազմական փուլերում քայքայված  առողջապահական համակարգը  չի կարողանա դիմակայել վարակին եւ միլիոնավոր մարդկանց կյանքը հսկայական վտանգի առաջ կկանգնի:

Շարունակությունը՝ armtimes.com կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել