Աշխատանքներ ենք իրականացնում, որ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ կապ ունեցող անձիք բացահայտվեն․ Արթուր Վանեցյան
09:52 - 22 մարտի, 2019

Աշխատանքներ ենք իրականացնում, որ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ կապ ունեցող անձիք բացահայտվեն․ Արթուր Վանեցյան

ԱԱԾ-ն ամեն բանի մասին չի կարող խոսել, այդ հարցին վարչապետը տվել է իր գնահատականը։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՀՀ-ում կան քաղաքական գործիչներ, որոնք օտարերկրյա գործակալներ են։

«Մենք այդ առումով, բայց ոչ միայն այդ հայտարարության հետ կապված, այլ ընդհանրապես իրականացնում ենք աշխատանքներ, որպեսզի այլ երկրների հատուկ ծառայությունների հետ առնչություն կամ հատուկ ծառայությունների հետ կապ ունեցող անձիք բացահայտվեն»,- շարունակեց նա։

Ինչ վերաբերում է վարչապետի՝ իրավապահ մարմինների աշխատանքի հետ կապված դժգոհությանը՝ կոռուպցիայի բացահայտման մասով, ԱԱԾ տնօրենն ասաց, թե ինքն էլ դժգոհ է իրավապահ մարմիններից, հատկապես ԱԱԾ աշխատանքից։

«Այն աշխատանքները, որ իրականացրել ենք մեր գործունեության սկզբնական շրջանում, տեսնում եք, որ տեմպի որոշակի նվազում կա։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա դա բացատրվում է նրանով, որ իրավական հիմքերը պետք է լինեն շատ ամուր, որպեսզի մեր կատարված որևէ գործ հետագայում հնարավոր չլինի շահարկել կամ բողոքարկել՝ ասելով, որ մենք գործել ենք քմահաճույքով։ Մենք գործում ենք միայն օրենքով, փորձում ենք անել ամեն բան, որ պահվեն օրենքի բոլոր պահանջները։ Անում ենք ամեն ինչ, կարծում եմ, որ կլինեն մեծ ու հնչեղ բացահայտումներ»,- ընդգծեց Արթուր Վանեցյանը։

Վերջինս անդրադարձավ նաև իրեն, ՀՔԾ պետին ու վարչապետին գաղտնալսման հետ կապված խնդրին։ Դիտարկմանը, թե որոշ ժամանակ առաջ նա հայտարարել է, որ գաղտնալսման մեջ կասկածվողը հանրությանը հայտի անձ է, արդյո՞ք նա այս պահին կալանավորված է, ԱԱԾ տնօրենը պատասխանեց․ «Գաղտնալսման հետ կապված հարուցված քրեական գործ կա, և ես այդ գործի շրջանակում բան չեմ կարող ասել։ Ինչ ասել եմ, արդեն լսել եք, հիմա մի բան էլ ասեմ, էլի դատի կտան, դրա համար ոչ մի բան չեմ ասի»,- եզրափակեց Արթուր Վանեցյանը։

tert.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել