Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հերքում է պահանջում
11:19 - 27 սեպտեմբերի, 2019

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հերքում է պահանջում

Օրերս «Ժողովուրդ» օրաթերթի և Armlur.am կայքի կողմից հրապարակված «ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պաշտոնյաներից ով ում բարեկամն է» հրապարակման մեջ տեղ են գտել մի շարք տեղեկություններ, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն: Ըստ այդմ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հարկ է համարում հերքել և պարզաբանել դրանցից որոշները: Այսպես՝

1․ Տեղեկացնում ենք, որ 2019 թվականի հունիսի 5-ին նախարարության Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնում նախարարի հրամանով նշանակվել է Ստեփան Մաչյանը, ինչը կատարվել է քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությանը համապատասխան (պաշտոնին համապատասխանության վերաբերյալ առավել մանրամասն տեսեք այս հղմամբ):

Ինչ վերաբերում է Նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները Ստեփան Մաչյանին վերապահելուն, ապա այդ լիազորությունը Վարչության պետի քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրում նախատեսված է եղել դեռևս 2013 թվականին հաստատված պաշտոնի անձնագրով, որի 5-րդ կետի համաձայն՝ Վարչության պետը Նախարարության գլխավոր քարտուղարի, Վարչության բաժինների պետերից մեկի բացակայության դեպքում փոխարինում է նրանց:

Ստեփան Մաչյանի կենսագրականը հասանելի է նաև նախարարության կայքում, ինչը հնարավորություն է տալիս ծանոթանալու տվյալ անձի մասնագիտական կարղությունների և փորձի մասին տեղեկատվությանը։

Հայտնում ենք, որ նախարար Զարուհի Բաթոյանը Ստեփան Մաչյանի հետ ունի խնամիական հարաբերություններ, սակայն պարոն Մաչյանը, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն, չի կարող դիտարկվել որպես փոխկապակցված անձ:

2․ Հրապարակման մեջ նշված «նախարար Բաթոյանը զանազան պաշտոններ է տվել «Հույսի կամուրջ» ՀԿ-ի ներկայացուցիչներին, իսկ այս ՀԿ-ն հայտնի է, որ նախկինում ստեղծել ու ղեկավարել է Զարուհի Բաթոյանը» հատվածը ևս չի համապատասխանում իրականությանը: «Հույսի կամուրջ» ՀԿ հիմնադիր նախագահը Սուսաննա Թադևոսյանն է, ինչի մասին տեղեկություններ կարելի է գտնել կազմակերպության պաշտոնական կայքում: Զարուհի Բաթոյանը երբեք չի ղեկավարել նշված կազմակերպությունը, այլ հանդիսացել է կազմակերպության աշխատակիցներից մեկը մինչև 2017 թվականը։

Հավելենք, որ «Հույսի կամուրջ» ՀԿ որևէ աշխատակից ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում աշխատանքի չի ընդունվել:

Վերոգրյալ հարցերի վերաբերյալ ս.թ. օգոստոսի 28-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պաշտոնական հարցում էր ստացել «Ժողովուրդ» օրաթերթից, որին պատշաճ ժամկետներում պատասխանվել է՝ հերքելով դրանում առկա պնդումները: Սակայն լրատվամիջոցի հրապարակման համար հիմք են հանդիսացել ոչ թե նախարարության պաշտոնական հերքումը, այլ փաստային հիմք չունեցող հորինվածքները:

Հաշվի առնելով վերոգրյալը, և հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը՝ պահանջում ենք «Ժողովուրդ» օրաթերթից և Armlur.am կայքից հերքել իրենց կողմից տարածված, իրականության հետ կապ չունեցող տեղեկությունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել