Աշակերտները մարզից եկել են թանգարաններ ու պարզել, որ այնտեղ իրենց չեն սպասում. նախարարի պարզաբանումը |armtimes.com|
11:33 - 24 հունիսի, 2019

Աշակերտները մարզից եկել են թանգարաններ ու պարզել, որ այնտեղ իրենց չեն սպասում. նախարարի պարզաբանումը |armtimes.com|

armtimes.com։ Տավուշի մարզի Ենոքավան գյուղի դպրոցականները, համարելով, որ թանգարան անվճար այցելության տոմսեր ունեն, մի քանի օր առաջ ճանապարհ են ընկել դեպի Երեւան՝ համատեղելու մայրաքաղաքում էքսկուրսիան ու այցերը մշակութային հաստատություններ: Բայց պարզվել է, որ վերջիններում իրենց չեն սպասում:

Ինչպես հայտնի է, այսօր արդեն նախկին կրթության եւ գիտության նախարարությունը, մշակույթի նախարարության հետ համատեղ ներդրել է աբոնեմենտային համակարգ, ինչի շնորհիվ դպրոցականները հնարավորություն են ստանում տարեկան մեկ անգամ անվճար գնալ թատրոններ, թանգարաններ ու համերգասրահներ:

Ենոքավանի հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները նախընտրել էին Մատենադարանը, իսկ 3-րդ եւ 4-րդ դասարանցիներն այցելել էին Հովհաննես Թումանյանի թանգարան: Աշակերտների մեկ այլ խումբ էլ որոշել է Դիլիջանում գործող փողի թանգարանը տեսնել: Աշակերտների ծնողների փոխանցմամբ, բոլոր դեպքերում երեխաներին հրաժարվել են ընդունել՝ պատճառաբանելով, որ նրանց տոմսերն այլեւս չեն գործում:

«Պատճառ են բերել, որ պետք էր մինչեւ մայիսի 20-ը այցելել, բայց չէ՞ որ դա մեզ տվել են մայիսի 22-23-ին, մայիսի 20-ին ո՞նց կարող էինք թանգարան գնալ: Մեր դպրոցում տոմսերը երեխաներին տվել էին «Վերջին զանգի» նախօրյակին եւ ասել էին՝ մինչեւ հունիսի 20-նն է ժամկետի մեջ»,- պատմեց ծնողներից մեկը:

Մատենադարանում, քանի որ ծանոթ աշխատակից է հանդիպել, կազմակերպել է, եւ երեխաներին ընդունել են: «Թողեցին, անցանք, նայեցինք, բայց անակնկալ էր, շատ վատ զգացինք, որ այդպես էր»,- ասաց նա: Մյուս թանգարաններում ծնողները ստիպված են եղել վճարել երեխաների մուտքի համար:

Նկատենք, որ մշակութային հաստատությունների այս տոմսերի հետ կապված ավելի վաղ նույնպես ծնողների եւ ուսուցիչների շրջանում անորոշություն կար, թե մինչեւ երբ են դրանք կիրառելի:

«Դա թյուրիմացություն է եղել: Մենք թանգարաններին նորից կզգուշացնենք: Տոմսերն ուժի մեջ են լինելու մինչեւ հուլիսի 30-ը, եւ օնլայն գրանցմամբ թատրոն եւ համերգասրահներ գնալու հնարավորությունը կլինի մինչեւ այդ օրը, որովհետեւ մենք համակարգը ուշ ենք գործարկել: Թանգարանների դեպքում համակարգը մեկնարկեց դեկտեմբերին, այսինքն՝ առաջին երեք-չորս ամիսները կորցրեցինք:

Նույնն էլ թատրոնների դեպքում: Քանի որ համակարգը գործարկվեց, եթե չեմ սխալվում, ապրիլ ամսին, ապա մինչեւ հուլիսի 30-ը այս ուսումնական տարվա համար կգործի, իսկ հաջորդ ուսումնական տարվա համար կսկսվի սեպտեմբերին մինչեւ մայիս»,- պատասխանելով ստեղծված իրավիճակի մասին մեր հարցմանը՝ ասաց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ինչու համակարգը մշտապես չգործի նաեւ ամռանը, որովհետեւ հավանական է ամառային արձակուրդներին աշակերտներն ավելի շատ ազատ ժամանակ ունեն մշակութային հաստատություններ այցելելու համար, նախարարն արձագանքեց. «Կքննարկենք: Ուրեմն կընտրենք սեպտեմբերից սեպտեմբեր ժամանակահատվածը»:

Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անի Եղիազարյանն ասաց, որ աբոնեմենտային համակարգի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ նոր հրաման իրենք չեն ստացել, իսկ առանց համապատասխան հիմքի այցելուներ ընդունել չեն կարող. «Հրամանը դեռ չի եկել: Երբ որ ստանանք, այդ օրվանից նորից կսկսենք ընդունել ըստ հրամանի»:

Շարունկությունը՝ armtimes.com


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել