Անցումային արդարադատության մշակումն ԱԺ օրակարգում է, այս հարցով կլինեն խորհրդարանական լսումներ. Վլադիմիր Վարդանյան |tert.am|
18:41 - 05 ապրիլի, 2019

Անցումային արդարադատության մշակումն ԱԺ օրակարգում է, այս հարցով կլինեն խորհրդարանական լսումներ. Վլադիմիր Վարդանյան |tert.am|

tert.am: Անցումային արդարադատությունը կարևորագույն ինստիտուտներից է և գտնվում է ԱԺ օրակարգում։ Նման տեսակետ է հայտնել ԱԺ պատական- իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Նա տեղեկացրել է, որ շուտով այս հարցով կլինեն նաև խորհրդարանական լսումներ։ Ըստ Վարդանյանի՝ անցումային արդարադատության շրջանակում իրադարձություններն ընտրովի չեն լինելու։

- Պարոն Վարդանյան, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարել է, որ նախարարությունում իրականացվել են ուսումնասիրություններ, արվել են գրականության հետազոտություններ և տրամադրվել ԱԺ-ին։ Արդեն իսկ ստացե՞լ եք, ի՞նչ քննարկումներ կան։

- ԱԺ-ում կան անցումային արդարադատության որոշակի ընդունելի ձևաչափեր, կան քննարկումներ, առաջիկայում նախատեսնում ենք խորհրդարանական լսումներ կազմակերպել հենց անցումային արդարադատության վերաբերյալ։ Այն հարցը, որ այսօր քննարկվեց ՝ կապված 2008-ի մարտի 1-ից 2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձություններից տուժածների աջակցության տրամադման հետ, որոշակի առումով պետք է նաև ընկալել անցումային արդարադատության գործընթացի համատեքստում։ Մենք աշխատում ենք, աշխատելու ենք այս ուղղությամբ, իսկ լսումներին հրավիրելու ենք նաև արդարադատության նախարարության աշխատակիցներին, նրանց հետ էլ փորձելու ենք հասկանալ այն ամենն, ինչ մենք ունենք այս պահի դրությամբ, որ հասկանաք, թե կոնկրետ որ ուղղությամբ ենք շարժվելու առաջ։

- Ձեր խմբակցությունն այս հարցի հետ կապված ունի՞ իր տեսլականը, ներկայացնելո՞ւ է առաջարկություններ, թե՞ կօգտվեք ԱՆ-ի տրամադրած տարբերակներից։

- Այս հարցը գտնվում է ԱԺ օրագարկում, և « Իմ քայլը» դաշինքը հայտարարել է, որ անցումային արդարադատության հարցում ունենալու է կարևորագույն ու առաջատար դերակատարություն։

- Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նամակից հետո իրավապահ համակարգը փորձեց ուսումասիրել 1998 թ. նախագահի ընտրությունները, և քննադատություն հնչեց, որ պետք է սկսել ուսումնասիրել 1991-ի ընտրություններից։ Հիմա անցումային արդարադատության մեջ ՀՀ 3-րդ հանրապետության բոլոր իրադարձություններն ու դեպքերն եք ուսումնասիրելու, թե կոնկրետ դեպքեր պետք է ընտրեք։

- Անցումային արդարադատության շրջանակում կարող է քննարկվել ցանկացած հարց, անցումային արդարադատությունը պետք է բաղդատենք մի շարք շերտերի՝ փաստերի հաստատման առումով։ Իհարկե, կարող է այն ընդգրկել ցանկացած ժամանակաշրջան, եթե խոսքը կոնկրետ իրադարձությունների մասին է: Եթե խոսքն իրավական գործընթացներ ծավալելուն է առնչվում, այսինքն՝ քրեական պատասխանատվություն նախատեսնելուն, վարչական, քաղաքացիական պատասխանատվության համապատասխան ինստիտուտները կյանքի կոչելուն, ապա մենք պետք է չափազանց հստակ մոտեցում ցուցաբերենք և հաշվի առնենք, որ առկա են վաղեմության ժամկետներ։ Վաղեմության ժամկետների հետ մենք պետք է հաշվի նստենք, մենք նաև պետք է հաշվի նստենք այն չափանիշների հետ, որոնք սահմանված են Սահմանադրությամբ։ Այսինքն, եթե տարբեր հարթությունների ենք բաժանում, ապա մենք անցումային արդարադատության տարբեր միջոցներ ու գործիքակազմ ունենք, տարբեր հարցերի նկատմամբ կարող են կիրառվել տարբեր մոտեցումներ։

- Օրինակ, հոկտեմբերի 27-ի գործը չի վերաբացվում՝ նոր հանգմանքներ երևան չգալու հիմքով, այս հարցն է՞լ կլինի անցումային արդարադատության ուսումնասիրության ներքո։

- Եթե երևան գան նոր հանգամանքներ, ապա այն անցումային արդարադատության հետ բացարձակապես կապ չի ունենա, այլ մեր քրեական դատավարության օրենսդրությունը նախատեսում է համապատասխան ընթացակարգ վերաբացելու այս գործերը, և այստեղ մենք գործելու ենք օրտոդոկսալ արդարադատության շրջանակում։ Եթե երևան չգան նոր հանգամանքներ և կարիք լինի այլ եղանակով անդրադառնալ որևէ իրադարձությանը, որը տեղի է ունեցել ՀՀ անկախությունից ի վեր կամ դրանից առաջ, ապա դա առանձին քննարկման թեմա է։ Այս պահին դժվար է ասել՝ ինչ ենք անելու, քանի որ մենք խոսում են փաստերի հաստատման, քննիչ հանձնաժողովների ստեղծման, համապատասխան իրավական գործընթացներ ծավալելու և այլնի մասին, իսկ սրանք տարբեր իրավական գործընթացներ են, որոնց համար տարբեր գործիքկազմ ունենք։

- Ինչպե՞ս եք բացառելու քաղաքական կոմպոնենտը` հաշվի առնելով, որ նախկին ընդդիմությունը, որը մի շարք իրադարձությունների հետ կապված տարբեր հայտարարություններ է արել, հիմա իշխանություն է և օբյեկտիվ լինելու խնդիր ունի, պետք է որոշակիորեն փաստի, որ նախկինում պոպուլիստական հայտարարություններ չի արել։

- Առաջին հերթին պետք է շեշտեմ, որ անցումային արդարադատության վերաբերյալ առկա են դեռևս միայն հայեցակարգային մոտեցումներ, 2-րդ՝ անցումային արդարադատությունը չի կարող գոյություն ունենալ, եթե այն չհամապատասխանի մեր Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանությանը։ Անցումային արդարադատությունը որևէ արժեք չի ունենա,եթե չհամապատասխանի մեր կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին։ Հետևաբար, քաղաքական ցանկացած շահարկում փարատվելու է դատական իշխանության կողմից, կամ փարատվելու է այն մարմինների կողմից, որոնք պարտավոր են ապահովել Սահամանադրության իրագործումը։ Խոսել այսօր մի բանի մասին, որը դեռևս չկա, չափանզաց դժվար է։ Այո, մենք նախաձեռնել ենք գործընթաց` անցումային արդարադատության մեխանիզմներին դիմելու, այո, կան հայեցակարգային մոտեցումներն անցումային արդարադատության վերաբերյալ, որոնք ընդգրկում են փաստերի հավաքման վերաբերյալ համապատասխան միջոցներ ձեռնարկելը և իրավական գործընթացներ ծավալելը, և պետությունից գողացված գումաների վերադարձի մեխանիզմները։ Անցումային արդարադատությունը կարևորագույն ինստիտուներից է, բայց այն միակը չէ, որ գտվնում է ԱԺ օրակարգում, ավելին՝ ԱԺ օրակարգում համաչափ կարևոր շատ այլ հարցեր կան։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել