Անի համայնքի բնակիչները փակել են Գյումրի Երևան ճանապարհը |azatutyun.am|

11:38 - 22 հունիսի, 2019

azatutyun.am: Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում կրքերը չեն հանդարտվում. այսօր բնակիչները վաղ առավոտից կրկին փակել են Գյումրի - Երևան ճանապարհի Մարալիկի հատվածը, նրանք պահանջում են համայնքի ղեկավար, հանրապետական Արտակ Գևորգյանի հրաժարականը։

«Մոտ յոթ ամիս ա արդեն էս ակցիաները շարունակվում են: Բոլոր ատյաններից պատասխանում են, որ գործը գտնվում է քննչականում, ավելի շուտ՝ լաբորատորիայում: Այսինքն՝ փորձաքննություն է գնում: Էս երկրում կա՞ մի հատ էքսպերտ, որը յոթ ամիս է չի կարողանում երկու հատ պետական հիմնարկության տաբել դնի իրար կողք, տեսնի, որ եղել են մարդիկ, որոնք որ ստորագրել են և՛ էնտեղ, և՛ էնտեղ: Այսինքն կան ուժեր էսօր, որ պահում են կոռումպացված համայնքնապետին», - ասաց ցուցարարներից մեկը:

Հեղափոխությունից հետո անեցիները փողոց դուրս եկան և ամիսներ շարունակ պահանջում էին հանրապետական համանքապետի հրաժարականը: Ասում էին, թե նոր Հայաստանում հին համայնքապետերն անելիք չունեն: Բնակիչները Արտակ Գևորգյանին մեղադրում էին համայնքային միջոցները թալանելու մեջ: Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ անցկացեց, որոնց ինչի արդյունքներով մի շարք քրեական գործեր էին հարուցվել:

Այսօր ճանապարհը փակողները նաև պահանջում էին, որ իրավապահները հստակ ժամկետներ մատնանշեն, թե հարուցված գործերով երբ կլինեն կոնկրետ արդյունքներ:

Ցուցարարների, ոստիկանների ու դեպի Երևան, Գյումրի ու Ջավախք շտապողների միջև պարբերաբար վեճեր էին ծագում:

Մոտ մեկ ժամ ճանապարհ փակ մնաց, բացվեց միայն այն ժամանակ, երբ տեղեկացան, որ մարզի դատախազը Անիի դպրոցում հանդիպման է:

Գնացին դպրոց, սակայն ներս մտնել չկարողացան: Պարզվեց, որ դատախազի տեղակալ Արտյոմ Օվսյանն է եկել մանկավարժների հետ հանդիպման:

Դատախազի տեղակալին ապարդյուն սպասելուց հետո ցուցարարները որոշեցին կրկին փակել ճանապարհը:

Արտյոմ Օվսյանն ի վերջո դուրս եկավ հավաքվածների մոտ ու նրանց բողոքը լսելուց հետո ասաց․ - «Ինչքան տեղեկացված եմ, քրեական գործը հարուցվել է և նախաքննություն է իրականացվում: Էս պահին կատարվում են լայնածավալ քննչական գործողություններ, և էդ քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա նշանակված են փորձաքննություններ: Եվ էդ փորձաքննությունների փուլում է էս պահին»:

Նա ցուցարարներին հորդորեց սպասել՝ խոստանալով, որ «ողջամիտ ժամկետներում» կլինեն արդյունքներ․ - «Ես եթե կոնկրետ ժամկետ ասեմ, և այդ ժամկետներում չտեղավորվի և՛ փորձագետը, և նախաքննական մարմինը, ես ձեր առջև սուտ խոսացած դուրս կգամ»:

Մեղավոր անձինք հաստատապես մեր կողմից պատժվելու են», - հայտարարեց Օվսյանը:

Չստանալով հստակ պատասխաններ՝ բողոքավորները ոորշեցին շարունակել ակցիաները՝ փակել ճանապարհն ու երկաթգիծը:

Նշենք, որ Գևորգյանն արդեն 15 տարի է ղեկավարում է Մարալիկը, և 2018-ին տեղի ունեցած խոշորացումից հետո՝ ևս 16 համայնք:

Գևորգյանը կտրուկ հերքում է իրեն հասցեագրված մեղադրանքները: Հակառակը, պնդում է, որ հավաքվածներից մի քանիսն են ժամանակին համայնքային միջոցները թալանել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել