Այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ 17 առևտրային բանկերը վճարել են շուրջ 12.5 մլրդ դրամի հարկ
13:05 - 23 ապրիլի, 2020

Այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ 17 առևտրային բանկերը վճարել են շուրջ 12.5 մլրդ դրամի հարկ

 Հայաստանի բանկերի միութունը մշտապես դիտարկում է Պետական եկամուտների կողմից հրապարակվող առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում ՀՀ  առևտրային բանկերի ընդգրկվածության միտումներն ու հետևում բանկային համակարգի կողմից կատարվող հարկային վճարումների ընթացիկ ցուցանիշներին և ծավալներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի բանկերի միությունը։

«ՊԵԿ-ի կողմից հրապարակված  առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից 2020թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում վճարված հարկերի մեծությունների  ցանկի համաձայն՝ ընդամենը հարկերը բոլոր 1000 կազմակերպությունների գծով 2020թ-ի հունվար-մարտ ամիսների ընթացքում կազմել է 245.6 մլրդ ՀՀ դրամ, որը 2019թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 24.6 մլրդ ՀՀ դրամով կամ 11.1%-ով: Միայն բանկերի գծով ընդամենը հարկերը կազմել է 12.5 մլրդ դրամ, կամ ընդհանուրի 5.1%ը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 1.4 մլրդ ՀՀ դրամով կամ 12.6%-ով: Ընդ որում 2019թ-ի առաջին եռամսյակին բանկերի գծով հարկերը կազմել էր ընդհանուրի 5%-ը: 

Առևտրային բանկերի ընդամենը վճարած հարկերի միջինը 2020թ-ի հունվար-մարտ ամիսների ընթացքում՝ 736 մլն դրամ, գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է  237 մլն դրամ: 2019թ-ի նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը՝ 652 մլն դրամ,  ևս գերազանցում էր մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել էր  214 մլն դրամ:

Ուղղակի հարկերի ընդամենը՝ շահութահարկի և եկամտահարկի գծով բոլոր 1000 կազմակերպությունների գծով 2020թ-ի առաջին եռամսյակին կազմել է 87.6 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է  12.7%-ով: Միայն բանկերի գծով ուղղակի հարկերը 2020թ-ի առաջին եռամսյակին 2019թ-ի առաջին եռամսյակի համեմատ ավելացել է  8.7%-ով՝ կազմելով 11.2 մլրդ դրամ: 2019թ-ի առաջին եռամսյակին բանկերի գծով ուղղակի հարկերը կազմել էր 10.3 մլրդ դրամ՝ ընդամենը ուղղակի հարկերի 13.3%-ը: Այստեղ բանկերը էապես առաջնային դիրքերում են:

Համեմատության համար նշենք, որ ուղղակի հարկերով, 1000 առաջին խոշոր հարկատուների ցանկում 2020թ-ի առաջին եռամսյակին 12, իսկ 2019թ-ի առաջին եռամսյակին 13 առևտրային բանկ գտնվում են առաջին 100-ակի ցուցակում: 

Առևտրային բանկերի վճարած շահութահարկի և եկամտահարկի միջինը 2020թ-ի հունվար-մարտ ամիսների ընթացքում` 661 մլն դրամ, մի քանի անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 78 մլն դրամ: 2019թ-ի նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը՝ 607 մլն դրամ, ևս գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 68 մլն դրամ:

  • ՀՀ ՊԵԿ-ի կողմից հրապարակված առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված են Հայաստանի բոլոր 17 առևտրային բանկերը:

Ցանկն ամբողջությամբ հասանելի է ՊԵԿ կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում», -ասված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել