Այս տարի Աբովյանում կհիմնվի ևս մեկ խոշոր ադամանդագործական ընկերություն. Մարզպետ |aysor.am|
08:14 - 17 օգոստոսի, 2019

Այս տարի Աբովյանում կհիմնվի ևս մեկ խոշոր ադամանդագործական ընկերություն. Մարզպետ |aysor.am|

aysor.am։ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում այսօր առավոտյան մեկնարկել է «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումը:

Համաժողովին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարներ, օտարերկրյա ներդրողներ և շահագրգիռ այլ անձինք:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացնելով մարզի հնարավորությունները հայտարարեց, որ մարզը բազմաճյուղ տնտեսություն ունեցող մարզերից մեկն է, ՀՆԱ-ի մեջ մարզի տեսակարար կշիռը կազմում է 7 տոկոս, իսկ մարզի տնտեսության ծավալում գերակշռող մասը կազմում է արդյունաբերությունը։

Մարզպետի խոսքով, մարզի տնտեսության զարգացման գերակա 4 հիմնական ճյուղերն են՝ ադամանդագործությունը, վերականգնվող էներգետիկան, ինտենսիվ այգեգործությունը և տեխնոլոգիական գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունն ու հյուրընկալությունը։

Խոսելով ադամանդագործության ճյուղի մասին, մարզպետն ասաց, որ ադամանդագործական արտադրանքի կշիռը մարզի մշակող արդյունաբերության 7,5 տոկոսն է կազմում։ Մարզում գործում են 13 ադամանդագործական ընկերություններ։ Ավելին, ըստ մարզպետի, այս տարի Աբովյանում կհիմնվի ևս մեկ խոշոր ադամանդագործական ընկերություն։

«Մշակվող ադամանդի հումքը ներմուծվում է, իսկ արտադրված ադամանդն՝ արտահանվում։ Մարզի ադամանդագործական ձեռնարկություններում աշխատում են շուրջ 700 քաղաքացիներ։ Ադամանդագործության համար մեր մարզում կան մեծ նախադրյալներ՝ հարուստ փորձ, միջազգային շուկայում մեծ ճանաչում և մասնագետներ», - հայտարարեց մարզպետը։

Նկատենք, սա 8-րդ նման համաժողովն է: Մինչ այդ նման համաժողովներ են անցկացվել Արարատի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզերում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել