Ապրիլի 2-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 92 նոր դեպք։ Այսօր կառավարության հերթական նիստի ընթացքում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը  նշեց, որ հաստատված դեպքերի մեծ մասը եղել են մեկուսացման մեջ կամ ի սկզբանե եղել են կասկածելի, քանի որ անմիջական շփում են ունեցել հաստատաված դեպքերի հետ։

«Կան նաև նոր դեպքեր, բայց դրանք մեծամասամբ բերովի դեպքեր են՝ թե՛ ցամաքային, թե՛ օդային ճանապարհով։ Կազմակերպվում է նաև նրանց շփման շրջանակի հայտնաբերման և մեկուսացման գործընթացները»,- ասաց նախարարը ։

Թորոսյանը տեղեկացրեց, որ կա 16 հաստատություն, որտեղ պահվում են  այն պացիենտները, որոնց թեստի արդյունքները դրական են, բայց թեթև վիճակում են գտնվում և այն քաղաքացիները, որոնք շփվել են հաստատված կոնտակտների հետ։

«Այս պահի դրությամբ Հայաստանում 9 բժշկական հաստատություն զբաղվում են միայն կորոնավիրուսով վարակված պացիենտների բուժմամբ։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը այսօր կդատարկվի և կդառնա միայն կորոնավիրուսի դեմ պայքարի հիվանդանոց։Այնտեղից ռեանիմացիոն պացիենտները կտեղափոխվեն այլ հիվանդանոցներ, ինչը դեռ երկար ժամանակ թույլ կտա, որ մենք ունենանք բավարար մահճակալային ֆոնդ, որպեսզի  բոլոր պացիենտները հոսպիտալացվեն։ Թեթև սիմպտոմներ ունեցող պացիենտները կտեղափոխվեն մեկուսացման այլ վայրեր , հյուրանոցներ և այլն»,- եզրափակեց նախարարը։