Այսօր տեղական արտադրության բոլոր կետերում բանջարեղենի գինն իջել է․ ՏՄՊՊՀ նախագահ |armtimes.com|
16:42 - 07 ապրիլի, 2020

Այսօր տեղական արտադրության բոլոր կետերում բանջարեղենի գինն իջել է․ ՏՄՊՊՀ նախագահ |armtimes.com|

armtimes.com: ՏՄՊՊՀ-ն օրենսդրությամբ իրավասություն չունի կարգավորել գները։ Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը Գեւորգյանից հետաքրքրվեց, թե արդյոք գնաճի վերաբերյալ ուսումնասիրություն արվել է, հիմնավորվածություն կա, թե ոչ:

Ի պատասխան՝ ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ գները կարգավորելու ֆունկցիա ՀՀ-ում որեւէ մարմին չունի։ «Գնաաճի հետ եւս մենք որեւէ առնչություն չունենք եւ չենք կարող միասնական գին սահմանել կամ կիրառել»,- ասաց Գեւորգյանը՝ հավելելով, որ եթե գները բարձրանում են, ՏՄՊՊՀ-ն ոչինչ չի կարող անել, այն էլ՝ 1-2 օրվա ընթացքում, ինչպես շատ հաճախ պահանջում են։ Նա շեշտեց, որ իրենց ֆունկցիաները օրենքում հստակ նշված են։ «Մենք գերիշխող դիրք, մենաշնորհ ունեցող կամ շուկայական իշխանություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների վարքագիծը կարգավորորղ մարմին ենք»,- ասաց նա։

ՏՄՊՊՀ նախագահը հայտարարեց, որ այս արտակարգ դրության ընթացքում 44 ապրանքային շուկայում ամենօրյա ռեժիմով իրականացնում են մշտադիտարկում, նաեւ մարզպետարանի աշխատակիցների միջոցով։ «Հակառակ դեպքում անհնար կլիներ ՀՀ 10 մարզերում եւ ամեն մարզի 2-3 քաղաքի խոշոր խանութներում ամենօրյա ռեժիմով իրականացնել մշտադիտարկում»,- ասաց Գեւորգյանը։

Նրա խոսքով՝ մշտադիտարկումներ իրականացնելուց հետո հետեւում են գների դինամիկային, հարցումներ են ուղարկում ՊԵԿ։ «Բոլոր տնտեսվարող սուբյեկտների մոտ նախատեսված է 1 հոգի պատասխանատու անձ, որը մեզ տրամադրում է իրենց ձեռքբերման գները։ Եթե տեսնում ենք բացատրությունների մեջ մտահոգիչ երեւույթներ, սկսում ենք պրոցես։

Այս պահին մենք բոլոր ապրանքային շուկաներում ունենք հարուցված գործընթացներ, ուղղակի արագության մասին խոսելիս մենք չենք կարող 1-2 օրվա ընթացքում գործ անել եւ պատասխանատվության ենթարկել։ Նախ պետք է պաշտոնապես բացատրություն ստանանք, հետո հրավիրենք այդ մարդկանց, լսենք, որովհետեւ դա իրենց իրավունքն է, եւ դրանից հետո գործընթացում կարողանանք ապացուցել՝ կա արդյոք այդտեղ գերիշխող դիրք կամ արհեստական դիֆիցիտ»,- մանրամասնեց Գեւորգյանը։

Գների դինամիկայի հետ կապված, ըստ Գեւորգյանի, կան որոշակի բարձրացումներ, բայց այն փաստը, որ գները կրկնակի աճել են, գոյություն չունի։ «Պետք է հստակ ապացույց ներկայացվի՝ որտեղ, որ մենք կարողնանք նայել, որովհետեւ մենք չենք կարող այդ հայտարարության հետեւից գնալ»,- հավելեց ՏՄՊՊՀ նախագահը։

Նրա խոսքով՝ վերջին թանկացումները հիմնականում կապվում են արտարժույթի բարձրացման տրամաբանության եւ ներմուծման որոշակի թանկացումների հետ, բայց դա չի նշանակում, որ իրենք դա բացարձակ ճշմարտություն են ընդունում։ «Մենք ասում ենք՝ տնտեսվարող սուբյեկտների բացատրությունը սա է, ճիշտ կլինի՝ շատ բարի, ճիշտ չի լինի՝ հարուցած պրոցեսի ընթացքում մենք կսկսենք պատասխանատվության ենթարկել»,- վստահեցրեց Գեւորգյանը։

Ավելին՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել