Այսօրվա իրավիճակը բանակցային գործընթացում ես գնահատում եմ դրական. Վաղարշակ Հարությունյան |armtimes.com|
07:58 - 11 ապրիլի, 2019

Այսօրվա իրավիճակը բանակցային գործընթացում ես գնահատում եմ դրական. Վաղարշակ Հարությունյան |armtimes.com|

 

armtimes.com։ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը  հայտարարել է, որ ԼՂ բանակցային գործընթացում այսօրվա իրավիճակը գնահատում է դրական, նաեւ անդրարդաձել է Արցախի հարցով վերջին զարգացումներին: Նա նշեց․ 

«Որպեսզի մենք պատասխանենք այդ հարցին, մենք պիտի հասկանանք, թե հակամարտությունն ընդհանրապես ինչ ձեւաչափ ունի: Հակամարտությունը եռակողմ է: Մասնակցում են մի կողմից Ադրբեջանը, մյուս կողմից Ղարաբաղը եւ Հայաստանը: Այստեղ ակնհայտ է մի բան, որ մենք Ադրբեջանի հետ ունենք մեր հարցերը՝ դա կապված է սահմանի հետ նաեւ, օրինակ, Արծվաշենի մասով, որը եղել է մեր տարածքը: Ու կան հարցեր՝ կապված Ղարաբաղի հետ՝ ազատագրված տարածքները, կարգավիճակը:

Բնական է, այդ հակամարտությանը ամեն կողմ լուծում է իր խնդիրը, բայց մյուս կողմից ՀՀ-ն հանդիսանում է Ղարաբաղի անվտանգության երաշխավորը: Մի կողմից բանակցային գործընթացում ունենք առանձին խնդիրներ, բայց ընդհանուր մենք մի ճակատ ենք: Որովհետեւ ակնհայտ է, չէ՞, եթե Ղարաբաղում որեւէ մի բան լինի, փախստականների եւ անվտանգության հարցը նաեւ մեզ է վերաբերում: Երբ մենք խոսում ենք ղարաբաղյան հակամարտության մասին՝ պիտի շեշտենք, որ դա հակամարտություն է թուրք-ադրբեջանական դաշինքի:

Թուրքիան այստեղ ունի իր շահերը, իր նպատակները եւ բնական է, որ այս ամենը տարածաշրջանային հակամարտություն է դառնում։ Այստեղ դրա մասին շեշտվում է այն բանով, որ համանախագահները աշխարհի ամենաազդեցիկ կենտրոններն են՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան։ Եթե մենք անդրադառնում ենք, թե ինչ է տեղի ունենում եւ Ղարաբաղը մասնակից է, թե՝ ոչ, ապա նշեմ, որ Ղարաբաղը մասնակից է։

Երբ մենք ասում ենք՝ Ղարաբաղը մասնակից չէ, դա ճշգրիտ չէ։ Ղարաբաղը մասնակից է բանակցություններին, բայց լիարժեք մասնակից չէ։ Եթե համանախագահները գալիս են, իրենք Ղարաբաղ այցելում են։ Ուրեմն մենք ֆիքսում ենք, որ խոսքն այն մասին է, որ Ադրբեջանի նախագահը ուղիղ չի հանդիպում Ղարաբաղի նախագահի հետ։ Այստեղ շեշտենք, որ միակ հակամարտությունն է նախկին Սովետական միության տարածքում, որտեղ մենք ունենք այսպիսի անբնական վիճակ, երբ հակամարտող կողմը չի խոսում մյուս նախագահի հետ։

Օրինակ վերցնենք Օսեթիան․ Վրաստանը բանակցել է ուղիղ Օսեթիայի նախագահի հետ։ Աբխազիան նույնպես ուղիղ բանակցում է։ Միայն Ադրբեջանը չի ուզում։ Այստեղից հարց է առաջանում՝ արդյո՞ք Ադրբեջանն ուզում է լուծել հարցը, թե՝ ոչ։ Եթե նա ուզում է հարցը լուծել, բնական է՝ կանդրադառնար եւ կբանակցեր։ Ինչո՞ւ է Ադրբեջանը այս մարտավարությունն ընտրել․ Ադրբեջանն ուզում է այս հակամարտությունը ներկայացնել որպես տարածքային վեճ։ Այսինքն, մի կողմը Հայաստանն է, որը գրավել է, օկուպացրել է Ադրբեջանի տարածքները՝ ինչպես իրենք են փորձում ներկայացնել։

Բայց դա իրականում չի համապատասխանում ստեղծված իրավիճակին եւ սա ինքնորոշման խնդիր է։ Սրա մասին համանախագահներն են խոսում, եւ Մադրիդյան սկզբունքներում կետերից մեկը վերաբերում է ինքնորոշման խնդրին։ Գրված է, որ Ղարաբաղի կարգավիճակը հետագայում լուծվելու է հանրաքվեով։ Հիմա ստեղծված իրավիճակում՝ տարբեր ժամանակահատվածներում եղել է, որ Ղարաբաղն ունեցել է ավելի մեծ մասնակցություն, եղել է, որ ունեցել է ավելի քիչ մասնակցություն։

Պատճառը գիտենք. 1998 թվականին Ղարաբաղը ընդհանրապես հետ է մղվել այս ձեւաչափից, բայց մենք պիտի ֆիքսենք նաեւ, որ համանախագահները ֆիքսում են, որ կգա ժամանակ, երբ Ղարաբաղը պիտի բանակցի Ադրբեջանի հետ։ Այնպես որ այդ առումով հարցադրումն այսօր, որ Ղարաբաղը պետք է լինի բանակցության կողմ՝ ճշգրիտ մոտեցում է, արդարացի է եւ ոչ թե միայն Հայաստանի եւ Ղարաբաղի կողմից, այլ նաեւ համանախագահների կողմից։ Բայց այստեղ կա բարդություն, որը գալիս է Ադրբեջանի այն դիրքորոշումից, որ համաձայն չեն։

- Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիեւ հանդիպումը արդյո՞ք դրական տեղաշարժ էր բանակցությունների գործընթացում։ Այդ հանդիպման ժամանակ նաեւ պայմանավորվածություն եղավ մարդասիրական միջոցառումներ իրականացնել, սա իրենից ի՞նչ է ենթադրում։ Հնարավո՞ր է այս պարագայում նաեւ գերիների փոխանակություն լինի։

- Ընդհանրապես մենք խառնում ենք տարբեր հարթություններն այն առումով, որ կա քաղաքական դիրքորոշում, ռազմաքաղաքական եւ բանակցային։ Երբ մենք խոսում ենք տարածքի վերադարձի մասին կամ պատերազմի, դա վերաբերում է այն ոլորտին, ինչի մասին ասացի։ Քաղաքական առումով մենք մեր քաղաքական խնդիրը լուծել ենք, մեզ պետք չէ պատերազմ, մեզ պետք է խաղաղության պայմանագիր, որը լիարժեք կապահովի այն, ինչը մենք ձգտել ենք ունենալ՝ դա Ղարաբաղի անկախությունն ու անվտանգությունն են։

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին․ եթե մենք բանակցում ենք, ուրեմն դա ունի իր տրամաբանությունը։ Երբեմն ասում են՝ ոչ մի թիզ հող, դա այլ հարթության վրա է՝ քաղաքական եւ ռազմաքաղաքական, իսկ եթե մենք խոսում ենք բանակցությունների մասին, ապա աշխարհում հակամարտությունների լուծումը միայն փոխզիջումներով է։ Դու պիտի մի բան զիջես, հակառակորդը պիտի մի բան զիջի, որ գաք համաձայնության։
Հիմա, երբ խոսքը գնում է փոխզիջումների մասին, դա արդեն խոսում է բանակցային գործընթացի մասին եւ այստեղ դու պիտի ունենաս քո մարտավարությունն ու ռազմավարությունը։

Եթե դու չես ուզում բանակցել, ապա դու հայտարարում ես, որ ոչ մի բանակցություններ չես վարում կամ գնում ես պատերազմով վերցնում ես Բաքուն կամ սպասում ես, որ ինքը հարձակվի այդ ժամանակ։ Այս տրամաբանության մեջ մեր դիրքորոշումը այսօր խոսում է այն մասին, որ մենք շահեկան մոտեցում ենք ձեւավորում։ Մենք ասում ենք, որ պատերազմ չենք ուզում, դրա համար մենք ուզում ենք բանակցել, բայց մենք պատրաստ ենք պատերազմին։ Իսկ հաղթանակի հիմնական հիմքը դա քո բանակի մարտունակությունն ու քո պետության հզորությունն է:

Այսինքն այն, որ դու պատրաստ ես ռազմական առումով լուծել քո խնդիրը։ Այդ տրամաբանության մեջ բնական է, դու պիտի վստահության մթնոլորտ ձեւավորես ժողովուրդների միջեւ, ինչը չի անում Ադրբեջանը։ Նրանք ավելի ռազմատենչ հռետորիկայով են հանդես գալիս։ Նույնիսկ իրենց նախագահը ասում է՝ ոչ թե Ղարաբաղն է միայն մերը, նաեւ Երեւանն ու Զանգեզուրն է մերը։

Մենք ավելի մեղմ ենք մոտենում, ավելի ճիշտ, որն ավելի ընկալելի է համախագահների եւ միջազգային հանրության կողմից։ Այսինքն, մենք պատրաստ ենք պատերազմի՝ չենք խուսափում, բայց միեւնույն ժամանակ մենք հնարավորություն ենք տալիս այդ հարցը լուծել խաղաղ ճանապարհով, իսկ դրա առաջին քայլը վստահության մթնոլորտ ձեւավորելն է, ինչի մասին խոսվել է Վիեննայում։ Այնպես որ ես այս մոտեցումը գնահատում եմ ճշգրիտ, միանշանակ հօգուտ մեզ։ Այսօրվա իրավիճակը բանակցային գործընթացում ես գնահատում եմ դրական։

Ավելին՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել