Կառավարության այսօրվա արտահերթ նիստի ընթացքում Էկոնոմիկայի Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց, թե ինչ փուլում է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 3-րդ միջոցառումը։

«3-րդ միջոցառումը նախատեսված է փոքր բիզնեսի համար։ Դիմումները եղել են 457 անցած անցյալ շաբաթվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ։ Սրանց զգալի քանակը՝ ավելի քան 257 -ը,  եղել են ոլորտին չհամապատասխանող չափանիշներով ներկայացված դիմումներ։ Դիտարկված չափորոշիչներին բավարարող հայտերի քանակը եղել է 70, որոնք արդեն բավարարված են և գտնվում են ֆինանսական կազմակերպություններում վարկավորման նպատակով»,- նշեց նա։

Ըստ նախարարի՝ դատելով դիմումների քանակից, որոնք ընթացքի մեջ են, շաբաթվա վերջին այս թիվն առնվազն կրկնապատկված կլինի։ Փոքր բիզնեսին ավելի քան 1 միլիարդ դրամ հասանելի վարկային միջոցներ կտրամադրվեն։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ խոսեց 5-րդ միջոցառման մասին։ Նա նշեց, որ այս միջոցառման շահառու են այն գործատու կազմակերպությունները և ԱՁ-ները,  որոնք 2020 թ․ հունվար և փետրվար ամիսներին ունեցել են 2-ից 50 աշխատակից, և ներկայացված եկամտային հարկի հաշվարկի հիման վրա՝ մարտ ամսվա ցուցանիշները առնվազն հավասար են հունվար և փետրվար ամիսների աշխատակիցների թվի և վարձատրությանն ուղղվող միջոցների առումով, այսինքն՝ աշխատավարձի ֆոնդը և աշխատակիցների թիվը չեն նվազել։

«Այսօր՝ ժամը 11։30-ի դրությամբ, մարտ ամսվա եկամտային հաշվարկ ներկայացրածների թիվը շուրջ 30 տոկոս է։ Այդ հաշվարկների հիման վրա՝ 9725 շահառուներին ավտոմատ ուղարկվել է ծանուցում՝ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ։ Ստացված ծանուցման հիման վրա՝ դիմում ներկայացրած շահառուների թիվը կազմում է 5388։ Այսօր՝ ժամը 11։30-ի դրությամբ, 5207 շահառու ստացել է գումարները՝ ընդհանուր 787․9 միլիոն դրամ»,- նշեց նա։