Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց, որ այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսով վարակվելու 194 դեպք, որոնց 70 տոկոսից ավելին ճյուղավորված է Էջմիածնի և արտադրամասի դեպքերից։

Վարչապետի խոսքով՝ մեր մեծագույն խնդիրը ոչ միայն կորոնավիրուսի տարածումը կանխելն է, այլ նաև ապահովելը, որ դրա արդյունքում չունենանք մահեր կամ ունենանք նվազագույն մահեր։ 

«Ամենամեծ վտանգը մենք տեսնում էինք թոշակների բաժանման ավանդական համակարգի մեջ, հիմա մենք պիտի բացառենք տատիկների և պապիկների հավաքվելը փոստային բաժանմունքներում։ Թոշակներն առձեռն մենք կբաժանենք»,- նշեց նա։

Վարչապետը խոսեց այն մասին, թե ինչ աջակցություն են ստանալու տնտեսվարողները պետությունից։ Նրա խոսքով՝ կառավարությունը արտոնյալ վարկեր կտրամադրի այն ընկերություններին, որոնք կունենան աջակցության կարիք իրենց աշխատողներին աշխատավարձեր վճարելու, իրենց հարկային պարտավորությունները կատարելու, հումք ներկրելու, արտադրությունը կազմակերպելու և ռազմավարական ներդրումներ անելու համար։

«Տնտեսական ճգնաժամի պայմաններում բանկային համակարգը կարող է այդքան էլ հակված չլինել վարկային միջոցներ տրամադրելու, որովհետև  դրանք կհամարվեն ռիսկային։ Մենք որոշել ենք, որ կառավարությունը  տարբեր նախագծերում 30 տոկոսից մինչև 50-60 տոկոս մասնակցություն կունենա ֆինանսավորման պրոցեսին և բոլոր դեպքերում կսուբսիդավորի վարկերը»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ աջակցություն կլինի նաև գյուղատնտեսական ոլորտին։

«Մենք պատրաստվում ենք զրոյացնել մեր բոլոր ծրագրերով վարկային միջոցների հասանելիությունը, այսինքն՝ զրոյացնել տոկոսները։ Խոսքը վերաբերում է այն զարգացման ծրագրերին, որ մենք ունենք գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես՝ կաթիլային ոռոգում, խելացի անասնագոմեր, այգիների տնկում, այգիների հիմնում, ջերմոցային տնտեսություններ։ Մենք այս ճգնաժամի համատեքստում ևս մեկ-երկու ծրագիր կավելացնենք»,- նշեց նա։

Վարչապետն ասաց, որ  այն անհատն գյուղացիների համար, որոնք կզբաղվեն կառավարության առաջարկած գյուղացիական ռազմավարական ծրագրերով, պետությունը կզրոյացնի տոկոսները և կունենա մինչև 30 տոկոս ֆինանսավորման մասնակցություն։ Այս ծրագրերով շատ հեշտությամբ վարկեր կստանան բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն լավ վարկային պատմություն։

Վարչապետի խոսքով կառավարությունը նաև լուծում ունի այն անհատների համար, որոնց վարկային պատմությունն այնքան էլ լավ չէ։

«Բոլոր այն դեպքերում, երբ հնարավորություն չկա անհատապես ստանալու այսպիսի վարկային միջոցներ, մենք առաջարկում ենք, որ մեր հայրենակիցները համայնքներում ձևավորեն գյուղացիական կոոպերատիվներ, և այդ պարագայում կառավարությունը այս ծրագրերին մասնակցություն կունենա 50-60, հնարավոր է՝ նույնսիկ 70 տոկոսով»,- նշեց նա։

Իսկ այն քաղաքացիների համար, որոնք կորոնավիրուսի պատճառով կդառնան գործազուրկ, կառավարությունը սոցիալական աջակցության նոր փաթեթ է մշակում, որը կլինի գործող փարոս համակարգի ենթաճյուղերից մեկը։