Այլ մարմինների 30 տարվա չարածը Կադաստրի կոմիտեն չի կարող 5 ամսում անել․ Սարհատ Պետրոսյան
13:10 - 27 մայիսի, 2019

Այլ մարմինների 30 տարվա չարածը Կադաստրի կոմիտեն չի կարող 5 ամսում անել․ Սարհատ Պետրոսյան

Կադաստրի կոմիտեն ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է աղետի գոտու ժամանակավոր կացարաններում ապրող մարդկանց վերաբնակեցման և կացարանների ապամոնտաժման ծավալների ուսումնասիրման, ծախսերի նախահաշվարկման աշխատանքային պետական խմբում կատարած աշխատանքների մասին մեկնաբանություններին։ Հայտարարության մեջ մասնավրոպաես նշվում է․

« #Արձագանք
Գյումրու մարզպետարանում շաբաթ օրը՝ մայիսի 25-ին, տեղի է ունեցել աղետի գոտու ժամանակավոր կացարաններում ապրող մարդկանց վերաբնակեցման և կացարանների ապամոնտաժման ծավալների ուսումնասիրման, ծախսերի նախահաշվարկման աշխատանքային պետական խմբի հերթական նիստը։ Հաջորդ օրը սոցմեդիայում մեկնաբանություն հայտնվեց, թե Կադաստրն այդ գործի մոտ 13 տոկոսն է արել խմբի ձևավորումից ի վեր անցած հինգ ամիսներին։

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն պաշտոնապես հայտարարում է, որ ուրբաթ օրվա՝ մայիսի 24-ի դրությամբ, Շիրակի մարզպետարանից հարցում է արվել 11’350 անձանց վերաբերյալ, արդեն տրամադրվել է 3’253 անձանց մասին տեղեկատվություն (կազմում է Շիրակի մարզպետարանից հարցումների մոտ 29 տոկոսը), իսկ Լոռու մարզպետարան այսօր-վաղը կառաքվի պահանջված 3’453-ից 1’044 անձանց վերաբերյալ տեղեկատվությունը (Լոռու մարզպետարանի հարցումների մոտ 30 տոկոսը)։
Այդ տվյալները մարզպետարաններին ներկայացնելու որևէ վերջնաժամկետ չկա։

 Միակ վերջնաժամկետը՝ 2019 թվականի հունիսի 30, վերաբերում է ՀՀ վարչապետին վերջնական արդյունքները ներկայացնելուն։ Իհարկե, տվյալների տրամադրման արագությունը խիստ ցանկալի կլիներ, բայց եթե անգամ դրան համար վերջնաժամկետ էլ սահմանված լիներ, մինչ այսօր Կադաստրը չէր կարողանա պահանջված ամբողջ տեղեկատվությունը տրամադրել, որովհետև դա ֆիզիկապես անհնար է։

«Կադաստրի կոմիտեն չի կարող բազմաթիվ պետական մարմինների վերջին 30 տարվա չարած գործը միայնակ անել 5 ամսում, հատկապես որ չունի աղետի գոտու հարցերով զբաղվող առանձին ստորաբաժանում, ինչպիսին ունեն այդ հանձնաժողովին անդամակցող այլ մարմիններ»,- ասում է Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը։

Անշարժ գույքի և դրան առնչվող մյուս բոլոր տվյալները պետական մարմիններին, անհատներին ու այլոց տրամադրում է Կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի պետական կառավարման մարմինների հարցումներին պատասխանող բաժինը, որն ընդամենը 7 աշխատակից ունի և տարեկան ավելի քան 14 հազար նման կարգի տեղեկություն է «քաղում» արխիվից, պատրաստում տրամադրման և ուղարկում այն պահանջած անձանց ու մարմիններին։

Աղետի գոտու անօթևանների հարցերի վերաբերյալ Կադաստրի կոմիտեից մինչ օրս պահանջվել է 18-20 հազար անձի վերաբերյալ տեղեկություն, ինչը Կադաստրի տեղեկատվական կենտրոնի տարեկան տրամադրածից շատ ավելին է՝ չհաշված ՀՀ գերատեսչական մարմիններին զուգահեռաբար տրամադրվող ծավալուն տեղեկատվությունը (օրինակ, ՊՆ պահանջած տեղեկատվությունը կենսաթոշակի անցած զինծառայողների անշարժ գույքի վերաբերյալ)։

Այդ աշխատանքային խմբի ստեղծումից դեռ շատ առաջ Կադաստրի կոմիտեն դիմել էր կառավարություն՝ լրացուցիչ հաստիքների համար հաստատում ստանալու. անհրաժեշտությունն առաջացել էր Կադաստրի համակարգում արտահաստիքային պայմանագրային մոտ 300 աշխատող ունենալու իրավունքի վերացումից հետո։ Լրացուցիչ հաստիքների դրական պատասխանը Կադաստրի կոմիտեն ստացել է միայն մայիս ամսին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել