«Ազգ-բանակ» հայեցակարգը վերափոխել «Ազգ-տնտեսություն-անվտանգություն» հայեցակարգի. գիտնականների առաջարկները կառավարությանը |armtimes.com|
06:12 - 22 մայիսի, 2019

«Ազգ-բանակ» հայեցակարգը վերափոխել «Ազգ-տնտեսություն-անվտանգություն» հայեցակարգի. գիտնականների առաջարկները կառավարությանը |armtimes.com|

armtimes.com։ Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր հրավիրված էր գիտաժողով՝ նվիրված թավշյա հեղափոխության մեկ տարվան՝ նպատակ ունենալով հայ տնտեսագիտական մտքի ներկայացուցիչների կողմից կառավարությանը ներկայացնել կիրառական առաջարկություններ, որոնք բխում են այդ մարմնի գործունեության հնգամյա ծրագրից:

«Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով գիտաժողովին ներկա էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն ասաց, թե մեծ հետաքրքրությամբ է մասնակցում այս միջոցառմանը:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն անդրադարձավ հանքարդյունաբերության ոլորտում առկա իրավիճակին, խոսեց խնդիրների ու իր պատկերացրած լուծումների մասին: Մերօրյա աշխարհում, ըստ նրա, մեծապես որոշիչ է, թե հանքարդյունաբերությունը որքանով է ուղեկցվում բնապահպանական նորմերը պահպանելով: Կարեւոր է, որ բնությանն առնչվող ծրագրերն իրականացվեն պետություն-քա­ղաքացի մասնակցությամբ՝ փոխադարձ վստահության պայմաններում:

«Բնական ռե­սուրսների շահագործման որեւէ նախագիծ հաջո­ղություն կարող է ունենալ նաեւ մեկ այլ ոչ պակաս հանգամանքի առկայության դեպ­քում: Չմոռանանք, որ որպես ընդունված նորմ, ամեն մի երկրում ընդերքը պատ­կանում է այդ տա­րած­­քում ապրող մարդկանց-պետությանը, այդ նորմը շատ հաճախ ամրա­գրված է յուրաքանչյուր երկրի ամենաբարձր իրավական կամ իրավունքի ակ­տում` ՀՀ քաղաքացիների մասով այն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 2-րդ մասում: Սրանից հետեւում է, որ ընդերքի շահագործման արդ­յունքներն էլ պետք է հասանելի լինեն երկրի քաղաքացիներին` բոլորին եւ ոչ թե առանձին խմբերի»,- նկատեց տնտեսագետը:

Կառավարության ծրագրի պահանջները իրականություն դարձնելու համար նա անհրաժեշտ է համարում մասնավորապես հետեւյալը.

ա) մշակել եւ ներդնել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման քաղաքականություն ու ռազմավարություն, բ) խրախուսել պոչամբարների վերամշակումը, գ) նվազագույնի հասցնել հանքերի արդյունաբերական շահագործման արդյունքում շրջակա միջավայրին հասցվող վնասները, դ) արագացնել նոր պղնձաձուլարանի կա­ռու­ցումը, ե) մշակել համապատասխան ընթացակարգեր հանքարդյունաբերական ընկերությունների կողմից առողջության վրա ազդեցության գնահատումներ իրականացնելու համար:

Տ.գ.թ. դոցենտ Գայանե Հարությունյանը ռազմարդյունաբերության թեմայով իր զեկուցման մեջ փաստեց. «Գործնականում երկրի անվտանգության գլխավոր երաշխավորը բանակն է։ Սակայն մարդկային ռեսուրսների շարունակական ներգրավումը ռազմական ուժեր պետության համար մեկ այլ սպառնալիք է ենթադրում՝ մարդկային կապիտալի սպառում։

Մարդկային կապիտալի զարգացման ինդեքսի վերլուծությունը ցույց է տալիս, որ մոտ ապագայում Հայաստանը կարող է կորցնել բարձրորակ աշխատուժի առավելությունը, որի վերականգնման համար անհրաժեշտ կլինի ոչ մեկ տասնամյակ։ Միաժամանակ, ռազմական ծախսերը, չնայած զգալի ծավալներին՝ տնտեսական աճի վրա խթանող ազդեցություն չեն ունեցել այն դեպքում, երբ տնտեսական օրինաչափությունները ենթադրում են նման ակնհայտ ազդեցություն։

Ակնհայտ է, որ ռազմական ծախսերը խթանիչ ազդեցություն կարող են ունենալ միայն այն դեպքում, երբ դրանց զգալի մասը պետական ռազմական պատվերի միջոցով վերադառնում է իրական տնտեսություն։ Այն դեպքում, երբ ռազմական ծախսերն ուղղորդվում են ռազմական նշանակության արտադրանքի ներկրմանը, բազմարկվում է ոչ թե տնտեսության վրա խթանիչ ազդեցությունը, այլ բացասականը»: Նա մասնավորապես նաեւ առաջարկեց. «Ազգ-բանակ» հայեցակարգը վերափոխել «Ազգ-տնտեսություն-անվտանգություն» հայեցակարգի, որում կփոխվեն շեշտադրումները «ամբողջ հասարակությունը բանակի համար»-ից դեպի «ամբողջ հասարակությունը սեփական բարեկեցության եւ անվտանգության համար»-ի»:

Հնչած զեկուցումներից մեկն էլ վերաբերում էր Հայաստանի էներգետիկ անվտանգության ուղենիշներին: Տ.գ.թ. Հայկ Մարկոսյանն այդ ճանապարհին կարեւորեց վերականգնվող էներգետիկան՝ միջուկայինի փոխարեն: «Ամբողջ աշխարհում մեկնարկել է վերականգնվող էներգետիկայի անցման հեղափոխությունը, որին չհետեւող երկրները հայտնվելու են մրցունակության լուսանցքից դուրս:

Ներկայացված տվյալները ցույց են տալիս, որ շարունակաբար կրճատվում է միջուկային էներգետիկայի ներդրումը էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրության կառուցվածքում: Այն 1990-ականներից հետո անընդհատ նվազել է՝ հասնելով 8 տոկոսի: Էներգետիկ ոլորտում ներդրումային որոշումների ուղղությունները քաղաքականության մշակման կարեւորագույն ազդակներ են:

Ըստ ներկայացված տվյալների, 2017 թվականին միջուկային էներգետիկայի ոլորտում ներդրվել է ընդամենը 16, քամու էներգիայի ոլորտում՝ շուրջ 100, արեւային էներգիայի ոլորտում՝ շուրջ 160 մլրդ դոլար, ինչը ցույց է տալիս ներդրումային հոսքերի ուղղորդվածությունը դեպի վերականգնվող էներգետիկա»,- ասաց Մարկոսյանը:

Նա նաեւ վկայակոչեց «Լազարդ» խորհրդատվական ընկերության հաշվարկած էլեկտրաէներգիայի հաշվեկշռված արժեքը տարբեր տեխնոլոգիաների պայմաններում: Ըստ այդմ, միջուկային էներգետիկայի արտադրած 1 Մվտ/ժ էլեկտրաէներգիաի հաշվեկշռված արժեքը կազմում է 112-189, քամու էներգիան՝ 29-56 եւ արեւային էներգիան՝ 40-46 դոլար: Ավանդական տեխնոլոգիաներից ամենաէժանը համակցված ցիկլով գազային էլեկտրակայաններն են, որտեղ այն կազմում է 41-47 դոլար: Հետեւաբար, էլեկտրաէներգիայի թողարկման տեխնոլոգիաներից ամենաթանկերից մեկը հենց միջուկայինն է:

«Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ գործնականում այստեղ բարձրացված հարցերի ամբողջ շրջանակը Հայաստանի կառավարության գործունեության օրակարգում է, ինչը մեծ հաշվով լավ նորություն է եւ ցույց է տալիս, որ այնուամենայնիվ, բացի այս կարգի միջոցառումներից, մեր գիտական եւ փորձագիտական հանրության հետ հաղորդակցության այլ խողովակներ էլ ունենք եւ, ըստ էության, կարողանում ենք ընդհանուր դաշտ ձեւավորել, որտեղ աշխատում ենք:

Ճիշտ է, հնարավոր է անձամբ, բնականաբար, չեմ կարող բոլորի հետ մեծ ծավալի շփումներ ունենալ, բայց այս քննարկումը ցույց է տալիս, որ մեր կառավարության ներկայացուցիչներն, այնուամենայնիվ, շփվում են եւ ձեզնից նաեւ հավաքագրած տեղեկատվությունը բերում են ու դարձնում կառավարության օրակարգ»,- ամփոփելով գիտաժողովի աշխատանքները՝ մասնավորապես ասաց վարչապետ Փաշինյանը:

Ավելին՝ armtimes.com 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել